Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք է․ Արփինե Հովհաննիսյան

Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ վերնագրելով իր գրառումը «Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք»:

«Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց, խնդիր կունենան: Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը: Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ:

Կոչ եմ անում մեր համակիրներին չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:

Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք, և բացի այդ, անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:

Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»,- գրառման մեջ նշում է Արփինե Հովհաննիսյանը:

Այս թեմայով