Ոստիկանները հայտնաբերել են «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության //վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան) և Ոստիկանության Էրեբունւ բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյան) գլխավորությամբ հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Գևորգյանի, օպերլիազորներ Վահրամ Խոռխոռունու և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ և նրանք հանձնարարությունը ստացել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանից և 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ա. Մարգարյանից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել են այնպիսի տարածքներ, որտեղ հասնելու համար հաղթահարել են ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել է ձյունապատ, մեքենայով հնարավոր չի եղել անցնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։

Քիչ առաջ կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվեց Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանության օպերատիվ-հետախուզական և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներն անմիջապես ղեկավարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

 


Այս թեմայով