Ոստիկանապետն իրեն «ռեկլամ» ա անում. Սուրիկ Խաչատրյան

surik-xachatryanԳորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի գործը, ըստ ամենայնի, կտեղափոխվի ՀՔԾ: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ գործն ուղարկել են դատախազություն,  որտեղ ուսումնասիրելուց հետո գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով կարևորագույն վկաները պաշտոնյաներ են:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Գորիսի ոստիկանապետը  արդարացել է, թե ամեն ինչի թիկունքում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քանի որ ինքը Գորիսի ոստիկանապետ աշխատելու ընթացքում չի ենթարկվել Սյունիքի մարզպետին: Բայց Երեւանից Գորիս գործուղված ոստիկանապետը մոռանում է, որ կա դեպքի տեսագրությունը, եւ այնտեղ ակնհայտ երեւում է, թե ինքն ինչպես է բռնություն գործադրում քաղաքացու նկատմամ:

Այս տեղեկությունների հետ կապված Politik.am-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Սյունիքի մարզպետը մեզ հետ զրույցում անհեթեթ համարեց տարածվող տեղեկությունները.«Նման բան չկա, ես նրան անգամ չեմ էլ ճանաչում: Մի անգամ փողոցում է մոտեցել ինձ և ասել, որ Գորիսի նորանշանակ ոստիկանապետն է, այլ հանդիպում կամ զրույց նրա հետ չեմ ունեցել»,-ասաց մարզպետը` հավելելով, որ ոստիկանապետը «ռեկլամի» խնդիր ունի.«Ամենայն հավանականությամբ նրա սիրտը «ռեկլամ» է ուզում և իմ անունն է շոշափում: Մի բան հստակ է, որ նա բռնություն է գործադրել և դրա համար պետք է պատասխան տա»:

Մեր այն ճշտող հարցին, թե ինչ «ռեկլամի» մասին է խոսքը և արդյոք ինքը կմիանա ոստիկանապետի պաշտոնակությունը պահանջողներին, Սուրիկ Խաչատրյանն ասաց.«Դե բռնություն է գործադրել և փորձում է իրեն «ռեկլամ» անելով ուրիշներին մեղադրել: Հիմա գործը գտնվում է ՀՔԾ-ում և ես չեմ կարող ասել»,-եզրափակեց իր խոսքը մարզպետը:

Դիտվել է 937 անգամ
 


Այս թեմայով