Ոչ օրինական նշանակում՝ Փաշինյանի կողմից

Սույն թվականի հունիսի 19-ին ժամը 18-ին  ՀՀ կառավարության կայքում հրապարակվեց ՀՀ վարչապետի 2018թ հունիսի 11-ի 739-Ա որոշումը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին (ինչու՞ է հունիսի 11-ի որոշումը հրապարակվել այդքան ուշ՝ հունիսի 19-ին), որից հետո սոցկայքերից՝ ֆեյսբուքով հայտնի դարձավ, որ հենց հաջորդ օրը՝ հունիսի 20-ին՝ ժամը 15.30-ին կկայանա խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը: Հունիսի 20-ին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը սոցկայքերում նշված ժամը 15.30-ի փոխարեն կայացել է ժամը 15.00-ին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներով:

ՀՀ վարչապետի 2018թ հունիսի 11-ի 739-Ա որոշմամբ հաստատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը:

Կազմում ընդգրկված են՝

Ա. Խաչատրյան –ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Այվազյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատնքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ա. Հովհաննիսյան – ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Բաբայան – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Բ. Պիպոյան – Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ղեկավար

Հ. Ավագյան – ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն,  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:

Դ. Պիպոյան – ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ի  սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար

Ա. Առաքելյան – ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տեսչական մարմնի խորհրդի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաև տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Օրենքի նշված դրույթի հիման վրա հաստատվել է ՀՀ կառավարության 2015թ հունիսի 18-ի N 677-ն որոշումը, որի առանձին հավելվածներով  հաստատվել են տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և տեսչական մարմնի խորհրդի անդամների առաջադրման կարգը:

ՀՀ կառավարության 677-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարներին՝ համապատասխան տեսչական մարմին ստեղծելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը պետք է ներկայացնեն համապատասխան տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը:

ՀՀ կառավարության 677-Ն որոշման  1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևի հիման վրա ցանկացած տեսչական մարմնի կառավարման խորհրդի համար պետք է հաստատվի աշխատակարգ, ինչը օրինակ՝ կա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կամ առողջապահության տեսչական մարմնի համար, որը հաստատված է առանձին ՀՀ կառավարության որոշումներով:

Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստեղծվել է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի 366-Ն որոշմամբ, որով փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2010թ դեկտեմբերի 30-ի 1730-Ն որոշման մեջ. ծառայությունը անվանափոխվել է տեսչական մարմնի և սահմանվել է տեսչական մարմնի իրավահաջորդությունը՝ հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի պահանջը, այն է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

ՀՀ կառավարության 677-ն որոշման պահանջով սննդի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը պետք է մշակեր գործադիր իշխանության հանրապետական մարմինը (այս դեպքում խնդիր է  նաև այն, թե այդ մարմինը գյուղատնտեսության նախարարությունն է, թե սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը), որը պետք է  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիներ տեսչական մարմնի ստեղծման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում, այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը պետք է հաստատվեր ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի 366-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում, որի վերջնաժամկետը ապրիլի 5-ից հետո պետք է լիներ մայիսի 15-20-ը, քանի որ ժամկետը հաշվարկվում է իրավական ակտերի տեղեկագրքում հրապարակումից հետո, մինչդեռ թե այդ ժամկետում, թե մինչօրս այդ աշխատակարգը ՀՀ կառավարության որոշումով հաստատված չէ, չկա նման որոշում arils.am կամ կառավարության կայքում:

Իսկ ինչու է այդ աշխատակարգի հարցը այդքան կարևոր, որովհետև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նիստերի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով, հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Այսինքն, առանց այդ աշխատակարգի՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ չի կարող հրավիրվել և անցկացվել, սակայն փաստացի՝ սույն թվականի հունիսի 20-ին նիստ հրավիրվել և անցկացվել է՝ օրենքի և օրենսդրության խախտումով:

Պետք է նշել նաև, որ նույն օրենքի նույն  հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Խորհրդի նիստերի արձանագրություններն ու Խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: Սահմանված 3-օրյա ժամկետում՝ հունիսի 20-ին կայացած նիստից հետո որևէ նյութ տեսչական մարմինը չի ստացել և չի հրապարակել, ինչը ևս օրենքի խախտում է: 

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ խորհրդի նիստը չէր կարող հրավիրվել և անցկացվել առանց խորհրդի աշխատակարգի, սակայն դա արվել է օրենքի  և ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտմամբ կամ անտեսմամբ, հետևաբար կայացած նիստը անվավեր է, իսկ նիստի ընթացքում կատարված գործողությունները և ադյունքները՝ ոչ իրավաչափ:

Հաջորդ շատ կարևոր հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքներով կամ չափանիշներով են առաջնորդվել խորհրդի անդամները՝ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի համար այս կամ այն թեկնածուի հարցը քննարկելիս, քվեարկելիս և որոշում կայացնելիս, քանի որ կառավարման խորհրդի քվեարկելը ինքնին որոշման կայացում է: Կառավարման խորհրդի հունիսի 20-ի նիստում սկզբում նայել են ռեզյումնեները, հետո զրուցել թեկնածուների հետ: Քննարկված 3 թեկնածուների ներկայացրած ռեզյումների մեջ ՍԱՏՄ ղեկավար ընտրված Գեորգի Ավետիսյանինը լավագույնը չէր ու դա կարող է ճշտել ցանկացած մարդ ով կհամադրի երեք թեկնածուների ռեզյումեները, իսկ այսպես ասած ռեզյումե նայելն ու հարցազրույցն էլ խնդրահարույց է այնքանով, որ հայտնի չէ, թե որտեղ է գրված կամ ինչի հիման վրա է որոշված, որ թեկնածուները պետք է ներկայացնեն ռեզյումե, հետո լինի հարցազույց (որևէ իրավական ակտով չի սահմանված թեկնածուների ընտրման և քննարկման կարգ և նրանց ներկայացվող պահանջներ, հարցազրույցի դեպքում էլ մեծ հարց է, թե ինչ հարցեր կամ ինչ թեմաներ պետք է քննարկել, քանի որ ստացվում է, որ այն մնացել է կառավարման խորհրդի հայեցողությանը, որը թեկնածուների դեպքում կարող է լինել սուբյեկտիվ և կամայական, նույն կերպ էլ  կատարվի թեկնածուի պատասխանների ընկալումը և գնահատումն ու դրա հիման վրա որոշման կայացումը), հետևաբար՝ խորհրդի 1-ին նիստի ընթացքը և նման մոտեցումն արդեն իսկ անօրինական է:

Ինչ վերաբերում է կառավարման խորհրդի կողմից թեկնածուների ընտրությանը, ապա ընտրության համար սահմանված չափանիշներ, խաղի կանոններ, իսկ անդամների կոմպետենտության և լավագույնին կամ լավագույններին ընտրելու  հարցը մնացել է առհասարակ բաց՝ ուղղակի և բացահայտ կոռուպցիոն և կամայական դրսևորումների հիմքերով և փաստացի արդյունքներով:

            Հաջորդ խիստ կարևոր և խնդրահարույց հարցը տեսչական մարմնի ղեկավարի համար թեկնածուների առաջադրումն է, հայտնի չէ, թե ու՞մ կողմից, ինչպե՞ս,  ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կամ չափանիշներով է կատարվել առաջադրումը, չկա որևէ թղթով կամ ակտով գրված,  արդյո՞ք կառավարման խորհդի անդամներն իրավունք ունեն յուրաքանչյուրը առաջադրել թեկնածու, թե թեկնածուն իր ցանկությամբ կարող է առաջադրվել, եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ, ու՞մ կարող է դիմել և ի՞նչ պետք է ներկայացնի: Սա նշանակում է, որ առաջադրումը, ինչպես նաև թեկնածուին ընտրելը պետք է սահմանվեր և կարգավորվեր իրավական ակտով, արդյո՞ք այդ ակտը կա կամ հաստատված է, իհարկե չկա: 

Այս համատեքստում բաց մնաց և հանելուկ էր, թե ինչպես է աաջադրվել և հունիսի 20-ի նիստում ներկայացվել ու քննարկվել Գեորգի Ավետիսյանի թեկնածությունը, քանի որ ֆեյսբուքից գոնե պարզվեց, որ տեսչական մամնի կառավարման խորհրդում ընդգրկված ՓՄՁ-ի Հակոբ Ավագյանը՝ տեղեկանալով, որ միայն Գեորգիի թեկնածությունն է, ֆեյսբուքով հայտարարություն էր տարածել այլընտրանք ունենալու և այլ թեկնածուներ առաջադրելու համար, որի հիման վրա էլ ենթադրում եմ դիմել են կամ ձևական ապահովել են մյուս 2 թեկնածուներին: Դրանցից մեկը՝ Գրիգոր Գրիգորյանը հրապարակավ փաստեց ընտրության ոչ թափանցիկությունը, կողմնապահությունն ու ֆեյսբուքից (ֆեյսբուքով հունիսի 19-ի երեկոյան թեկնածու առաջադրելու և հաջորդ օրը ժամը 15-ին խորհրդի նիստ անելու վերաբերյալ) տեսչական մարմնի ղեկավարի ընտրության մասին տեղեկանալը (մամուլում կան հրապարակումները):

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գեորգի Ավետիսյանը A1 plus.am-ում դրված հարցազրույցում նշել է, որ իր թեկնածությունը առաջարկել է 1-ին փոխվարչապետ Ա. Միրզոյանը, իսկ ավել ուշ՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց, որ փոխվարչապետ Միրզոյանը չի առաջադրել, այլ վերջինիս հետ ինքը հանդիպումներ է ունեցել և հարցեր է քննարկել: «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սննդի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձևավորվել է 2017 թվականին՝ այսինքն՝ նախկին կառավարության ժամանակ, սակայն փաստ է, որ այդ խորհրդի կազմը հաստատված է 2018թ Փաշինյանի որոշմամբ:

Հստակ է, մի բան, որ  «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեսչական մարմնի ղեկավարին ՀՀ վարչապետը  նշանակում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի ներկայացմամբ: Այսինքն՝ միանշանակ է, որ փոխվարչապետի կամ վարչապետի կողմից չէր կարող լինել թեկնածության առաջադրում և ներկայացում: Այս պարագայում առաջադրումը և քննարկումը կատարվել է ոչ իրավական հարթությունում՝ անհայտ կամ չեղած կարգով և անհայտ պայմաններում և հանգամանքներում, ուստի կարելի է համարել, որ  առաջադրումը իրավաչափ չէ, այսինքն՝ դե յուրե չառաջադրված, հետևաբար  առաջ է գալիս մյուս կարևոր խնդրահարույց հարցը. Իրավական տեսակետից թեկնածուի կարգավիճակ չունեցող Գեորգի Ավետիսյանը մինչև խորհրդի նիստի կայացումը ինչու՞ և ի՞նչ կարգավիճակով էր հանդիպում փոխվարչապետ Միրզոյանի հետ: Ակնհայտ է, որ օրենքի խախտում է 1-ին փոխվարչապետի կողմից  թեկնածության առաջադրումը, եթե դա եղել է, իսկ եթե դա չի եղել, ապա հրապարակային մեկնաբանության և բացատրության կարիք ունի, թե ինչպե՞ս է կատարվել Ավետիսյանի թեկնածության առաջադրումը և քննարկումը խորհրդի նիստում, պետք է բացահայտել իրականում ով է առաջադրել կամ ում կողմից ստացած  ցուցումով և հանձնարարությամբ է դա արվել, հակառակ դեպքում դա միանշանակ կարելի է որակել կուլիսային պայմանավորվածություն կամ կոռուպցիա կամ ինչպես նախորդ իշխանության ժամանակ էր գործում ծանոթ-բարեկամ-խնամի-և այլն սկզբունքը շարունակվում է:

Օրենսդրությամբ սահմանված նման պահանջների և խաղի կանոնների խախտումով մարդ նշանակելը հեղափոխությունից հետո մեղմ ասած չի տեղավորվում նախկինում գործող բարքերի, գործելաոճի, անարդարության և կոռուպցիայի դեմ հայտարարած ներկա իշխանության թափանցիկ, հասարակության նկատմամբ բաց և հաշվետու գործունեության, գործողությունների և որդեգրած արժեքային համակարգերի տրամաբանության մեջ: Եթե այդպես է, ապա վառ օրինակ է, թե նախկինի համեմատ ի՞նչ է փոխվել, ստացվում է ոչինչ, փոխվել են միայն դերակատարները:

Հաջորդ խիստ կարևոր հարցը, թե ինչպես է եղել, որ խորհրդի կազմում ներգրավվել են միայն 2 հասարակական կազմակերպություններ, այնինչ սննդի անվտանգության և սպառողների հարցերով զբաղվում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ՝ 20-ից ավելի, որոնք հրապարակային իրենց դժգոհությունը հայտնեցին դրա մասին: Այստեղ պարզաբանման ու բացահայտման կարիք ունի այն, թե արդյո՞ք սննդի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի կազմում  ներառված անդամները այդ խորհրդում ներգրավվել են ՀՀ կառավարության 2015թ հունիսի 18-ի N 677-ն որոշման առանձին հավելվածով հաստատված տեսչական մարմնի խորհրդի անդամների առաջադրման կարգի պահանջների և դրույթների պահպանմամբ, թե՞ դրանք ևս նախորդ պահանջների պես խախտվել կամ անտեսվել են:

Այս թեմայով