Ո՞վ կարող է օգտվել Արմեն Սարգսյանի «տակ դրված ականից». ԱԱԾ-ն պետք է պարզի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը շարունակում է մնալ օդում կախված: Իհարկե հիմա, հետհեղափոխական Հայաստանում շատերին չի հետաքրքրում այս հարցը, սակայն իրականության մեջ խնդիրը բավական լուրջ է ու կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր երկրի համար:

Դեռևս մարտի 1-ի ԱԺ նիստում, որտեղ քննարկվում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  նոր ընտրվող նախագահ Արմեն Սարգսյանի «տակ ոչ լեգիտիմության ական են դնում», որպեսզի նա առավել կառավարելի գործիչ դառնա ու չկարողանա ինքնուրույն քայլեր իրականացրել: Փաշինյանի դիտարկումը տեղին էր ու իրապես Արմեն Սարգսյանը վարչապետ դարձող Սերժ Սարգսյանի համար դառնում էր կառավարելի ֆիգուր:

Հիմա Հայաստանում իշխանությունը Սերժ Սարգսյանի  ձեռքում չէ ու նրան դժվար թե պետք լինեն կամ նա կարողանա ճնշումներ բանեցնել Արմեն Սարգսյանի նկատմամբ:  Սակայն Արմեն Սարգսյանի նկատմամբ ճնշումներ կարող են բանեցնել արտաքին ուժերը, ովքեր կկարողանան ձեռք բերել նրա ոչ լեգիտիմ նախագահ լինելու հանգամանքը վկայող փաստերը: Այդ գործիքը կարող է բանեցնել հենց Մեծ Բրիտանիան:

Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը կարևոր է Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից:  Եթե իրականում նա ունի լեգիտիմության խնդիր ու խոցելի գործիչ է, ապա նա խոցելի է դարձնում նաև Հայաստանի Հանրապետությունը, քանի որ միջազգային բազմաթիվ հարթակներում հենց նա է ներկայացնում Հայաստանը և, ի վերջո, Սահմանադրությամբ հենց նա է համարվում պետության գլուխը:

Ահա այստեղ է, որ անելիք ունի նաև ԱԱԾ-ն: Այս մարմինը, բացի տնտեսական հանցագործություններով զբաղվելուց , պետք է նաև փորձի պարզել՝ իրականում ունի՞ Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր, թե՞ ոչ:

Այս թեմայով