Ո՞վ է Հայաստանի գլխավոր քոչվորը. հայ մարզիկները մասնակցել են «Քոչվորների համաշխարհային խաղերին». «Ժողովուրդ»

14233750_1294182577288457_1529329087_o«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաև Հայաստանի՝ վեց հոգանոց «պատվիրակությունը»: Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում: ՀՀ օլիմպիական կոմիտեից ևս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաև «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ` հայկական եռագույնով:

Միջոցառման մասին պատմող պաշտոնական և ոչ պաշտոնական ամբողջ լրահոսում նշվում է մեր երկրի համար խայտառակ մի ձևակերպում, այն է` Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»: Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն: Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոս հայեր են, ո՞ւմ մտքով է անցել մեզ դասել քոչվորների շարքին: Ո՞վ պետք է պատասխան տա ազգային այս խայտառակության համար:

Կարծում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցում «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղեր» անվանումը կրող միջոցառմանը և Ղրղզստանին այդ առնչությամբ պետք է նոտա ներկայացնեն` Հայաստանի անունը անհարկի շահարկելու համար: ՀՀ իրավապահներն էլ պետք է պարզեն, թե ովքեր են Հայաստանի անունից հանդես եկող ինքնակոչները և պատասխանատվության ենթարկեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով