Ո՞վ է ապատեղեկատվություն տարածել` նախարարությու՞նը, թե՞ Սասուն Միքայելյանը

«Իմ քայլը» շարժման օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարություն տարածեց, որ Արցախի սահմանին, ադրբեջանական կողմից նկատվում են կուտակումներ և զորքերի շարժ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան անգամ հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասվում էր. «Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան»:

Պաշտպանության նախարարության նմանատիպ հայտարարությունները այդ օրերին համարվեցին ներքաղաքական կյանքին խառնվելու փորձ ու հասարակության վրա հոգեբանական ճնշում բանեցնելու միջոց: Ընդդիմության առաջնորդներից՝ Սասուն Միքայելյանը, Ազգային Ժողովում, մայիսի 1-ին հայտարարեց, որ կուտակում և զորքերի շարժ չի եղել ու իշխանությունները ստում են:

Խնդիրը իրապես կարևոր է ու կարևոր է հասկանալ, թե այդ օրերին ո՞վ էր ապատեղեկատվություն տարածում: Խնդրի պարզաբանման առումով Politik.am հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ: Քանի որ հիմա կառավարության ղեկավարը ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է, կարծում ենք ՊՆ-ն իրականությունը թաքցնելու մոտիվացիա չպետք է ունենա: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը գրել է.«Ի պատասխան Ձեր կողմից «Իմ քայլը» շարժման օրերին (ապրիլի 13-ից մայիսի 1-ը) արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժերի և կուտակումների մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցման՝ հայտնում եմ , որ վերը նշված ժամանակահատվածում Ադրբեջանի  ԶՈՒ-ի կողմից  իրականացվում էին տարբեր բնույթի բազմաթիվ տեղաշարժեր, շփման գծի մոտակա խորքում նկատվում էին կուտակումներ, ավելացվել էին մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների քանակը և կրակային հնարավորությունները»:

Հետաքրքիր է, որ ընդդիմադիր առաջնորդ Սասուն Միքայելյանը օրերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նույնպես վերահաստատել է դեռևս մայիսին հնչեցրած իր միտքը: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մասնավորապես ասել է.«Ամենահստակ ինֆորմացիան ունեցել եմ ես. Էտ մեկ շաբաթվա ընթացքում սահմանում ո՛չ մի տեղաշարժ չի եղել: Մեկ հատ անօդաչու սարք է թռել, ու երկու կողմից կրակել են :

Տառապանքս փորձ ունի, նախկին իշխանությունները ամեն անգամ ,երբ ներքաղաքական վիճակը լարվում էր սկսում էին իմիտացիոն հայտարարություններ անել՝ կրակոց ա, ու դեզինֆորմացիա էին տալիս : Ես ժամ-ժամ, րոպե-րոպե, սահմաններով, դրսով, Ռուսաստանով ճշտել եմ իրավիճակը:

Իրանք ուզում էին վախի մթնոլորտ տարածեին, որ հեսա պատերազմ կսկսվի :

 Ես դրա համար ասեցի, որ թուրքերն ավելի խոհեմ գտնվեցին քան մենք: Էտ ժամանակաշրջանում ոչ մի բան չի եղել ու էտ տրյուկները իրանք միշտ արել են , ժողովրդին սահմանով են վախացրել»:

Այս հարցն ի վերջո պետք է պարզաբանվի: Պատերազմող երկիրը իրավունք չունի ունենալ ՊՆ, որի տարածած տեղեկատվությունը վստահություն չի ներշնչում: Եթե պարզվի, որ ՊՆ-ն իր հայտարարությունները արել է` ելնելով քաղաքական իրավիճակից ու նպատակ է ունեցել ծառայել օրվա իշխանություններին, ապա դա վատ է:  Այս դեպքում պետք է պատժվեն այդ հայտարարության հեղինակները, որոնք պետության անվտանգության հարցը ծառայեցրել են իրենց քաղաքական նպատակների համար:

Իսկ եթե պարզվի, որ ընդդիմադիր պատգամավոր  Սասուն Միքայելյանն է սխալ տեղեկատվություն տարածել, ապա այստեղ անելիք ունի հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս դեպքում նա պետք է պատասխանատվության ենթարկի իր թիիմի ներկայացուցչին` պետության անվտանգության խնդրին մատների արանքով նայելու և իրավիճակին չհամապատասխանող սուտ տեղեկություններ տարածելու համար:

Այս թեմայով