Շփումը կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այսօր շրջանառության մեջ կդնեն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ բացառելու համար այն դեպքերը, երբ ՔԿՀ-ները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքնության մարմինը արգելք է դրել։ Պատգամավորը նշել է, որ նման արգելքն, իհարկե, ապօրինի է, եւ իրենց դիրքորոշումը աարտահայտվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նիկոլ Փաշինյանը մի հատված է հրապարակել նախագծի հիմնավորումներից, որտեղ ասված է. «Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եւ ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետեւ օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որեւէ արգելքի մուտքի եւ ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը եւ մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական եւ ոչ իրավաչափ խոչընդոտների»,- մեջբերել է «Ելք» խմբագրության ղեկավարը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը եւ արձանագրել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել։

 


Այս թեմայով