Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շուշին հրդեհելու հրահանգը տվել էր Զորի Բալայանը

Շուշին հրդեհելու հրահանգը տվել էր Զորի Բալայանը

Zori-Balayan1992-ի մայիսի 9-ից, այսինքն՝ Շուշի մտնելու հաջորդ օրվանից, Շուշիում այստեղ ու այնտեղ սկսվեցին հրդեհներ: 
Բուն մարտերի ընթացքում, այսինքն՝ մայիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերվա ու 8-ի ամբողջ ցերեկվա ընթացքում Շուշի քաղաքն ամբողջապես կրել էր ոչ էական վնասներ:
Կանգուն էին ու համարյա անվնաս գրեթե բոլոր շենք-շինությունները, բնակելի ու մասնավոր տները:
Իսկ ահա 9-ի ցերեկվանից սկսվեց Շուշիի պլանավորված ավերումն ու հրդեհումը:
Ջոկատով (Մերգելյան), հայտնաբերելու համար հետ մնացած կամ թաքնված ադրբեջանցի զինվորների, սանրելով թաղամասերը, իջնում էինք դեպի Շուշվա հայտնի բերդը, որը վերածել էին բանտի: Կենտրոնում ստուգեցինք 4 թե 5–հարկանի հյուրանոցի բացարձակապես անվնաս շենքն ու շարունակեցինք իջնել ներքև:
Չհասած այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավար Վեզիրովի շքեղ ամառանոց – առանձնատանը, որը գտնվում էր կենտրոնական խաչմերուկներից մեկում, և որի փակ դարպասի վրա կավիճով ռուսերեն գրված էր «նե վոյտի, ուժե զանյատո, ուբյու, 4այա ռոտա», հանդիպեցինք այդ պահին Ղարաբաղ ժամանած ԳԽ պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սամվել Շահմուրադյանին, նրանց ուղեկցող անձանց: Կարճատև ողջագուրումներից, փոխադարձ շնորհավորանքներից ու միրուք Արմենի հայտնի «անիգաշէ անիգարա»-ից (սա հասկանում են միայն մերգելյանի ջոկատի տղաները) հետո շարունակեցինք մեր գործողությունը դեպի բերդ:
Մոտ երկու ժամից վերադարձանք ու վերադարձի ճանապարհին նկատեցինք այստեղ ու այնտեղ, տներում ու շինություններում բռնկված հրդեհներ:
Մեզ թվում էր, որ լավ չենք ստուգել, և որ դրանք փախչել չհասցրած ադրբեջանցի դիվերսանտների ձեռքի գործն է:
Մինչ հասանք հյուրանոց, այն արդեն համարյա ամբողջապես պարուրվել էր կրակով ու ծխով:
Եվ ահա, հյուրանոցի մոտ բռնում ենք կոմուֆլյաժ հագած մի քանի ղարաբաղցիների, որոնք էլ ասացին, որ այդ հրդեհներն իրենց արածն է, և որ այդ հրահանգն իրենց տվել է զորի գայկովիչն ուրեմն, այսինքն՝ նույն ինքը՝ հայտնի ծովագնաց, գրող, հրապարակառսախոս, Պուտինին ուղղված բաց ու հատկապես փակ նամակների հեղինակ ու էլ չգիտեմ, թե ինչ Զորի Բալայանը:
Բացատրությունն էլ այն էր, որ եթե Շուշին ամբողջությամբ ավերենք, ապա ադրբեջանցիներն էլ հետ չեն վերադառնա հետ գրավելու համար:
Այդ ժամանակ էլ ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ այդ միտքը կարող է ծնվել միայն ուրիշի տարածք գրավող վախկոտ ստրուկի գլխում, և ոչ սեփական դարավոր քաղաքն ազատագրող արժանապատիվ ռազմիկի մոտ:
Արկադի Տեր–Թադևոսյանի հետ անմիջապես հանդիպելուց ու նրա կողմից, տեղում գնդակահարելու խիստ հրահանգով, այդպիսի գործողությունները կտրուկ արգելելու հրամանից հետո միայն դադարեցվեցին հետագա հրկիզումներն ու ավերումները:
Բայց արդեն գայկովիչն իր սև գործն արել էր, և արդյունքում ունեցանք կիսավեր Շուշի, որը հերոսաբար, մաքառումներով, մուրացկանության ու զրկանքների գնով այժմ վերականգնվում է:

Ալբերտ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 5,529 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy