Շոուների և շանտաժների ժամանակը կարծում եմ անցել է․ Շաքե Իսայան

Լենա Նազարյանը ԲՀԿ-ից ապացույց է սպասում, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց համար գոյություն չունեն: Այս մասին «Ելք» խմբակցության պատգամավորը հայտարարել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում․«Իրենց ձայները մեզ չեն պետք լինելու, իրենց ձայները պետք են լինելու քաղաքացիներին, որոնք պահանջում են արտահերթ ընտրություններ: Եթե իրենք հայտարարում են, որ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունի, շատ լավ, մենք դա կարձանագրենք, դա կհիշենք, ու թող նրանք դա վերջապես ապացուցեն: Այնպես որ, ԱԺ-ում իրենց քվեարկությունները մեզ չեն պետք, այլ պետք են ժո­ղովրդին, թող կողմնորոշվեն»,-ասել էր պատգամավորը:

Politik.am-ի խնդրանքով ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը անդրադարձավ Լենա Նազարյանի հայտարարությանը․«Նախ ուզում եմ ևս մեկ անգամ ասել այն, ինչը բազմիցս ասվել է, բայց ցավոք պարբերաբար կրկնելու առիթ է առաջանում: ԲՀԿ-ն կապ չունի և չի ունեցել որևէ գործչի հետ, ԲՀԿ-ն դա ԲՀԿ-ի միասնական թիմն է, ԲՀԿ-ի քաղաքական ծրագիրն  է և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սա պարզ ճշմարտություն է, որի մասին տարբեր առիթներով խոսել են ԲՀԿ անդամները և այս առումով մենք որևէ մեկին ապացուցելու որևէ բան չունենք, իսկ շոուների և շանտաժների ժամանակը կարծում եմ անցել է: Իսկ բոլոր նրանք, ովքեր սրանից ավել բան կամ ինչ-որ երևակայական կապեր կփնտրեն ԲՀԿ-ում, խորհուրդ եմ տալիս նորից կարդալ առաջին տողից: Երկրորդ, ստիպված եմ կրկին հիշեցնել, որ համաժողովրդական շարժման օրերին, երբ ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, և երբ քննարկվում էր նրանց կալանավորելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ առաջին կուսակցությունն էր, որ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ և դատապարտեց ԱԺ պատգամավորների ձերբակալությունը՝ կոչ անելով ժամ առաջ նրանց ազատ արձակել; Պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, իսկ նրա հրաժարականի տարբերակը այդ ժամանակ անգամ չէր էլ ուրվագծվում: Հիշեցնեմ նաև, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը խորհրդարանում երկու անգամ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,-ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին Շաքե Իսայանն ասաց․«Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ասեմ, որ ԲՀԿ-ն առաջիններից էր, ով հայտարարեց, որ վարելու է կոռեկտ, բացառապես փոխադարձ հարգանքի վրա հիմնված նախընտրական քարոզարշավ և կոչ արեց բոլորին նույնատիպ քարոզարշավ իրականացնել: Սակայն այն ատելության քարոզը, հասարակությանը սևի ու սպիտակի բաժանելու մարտավարությունը և երբեմն բոլոր չափն ու սահմանն անցնող կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը սոս.ցանցերում, որն արվեց այս քարոզարշավի ընթացքում, ստիպում է ցավով հիշել այն ջերմ օրերը, երբ բոլորը համակված էին միայն դրական էներգիայով, համատեղ ուժերով ապագա Հայաստանը կառուցելու մտքերով և ծրագրերով: Օգտագործված կեղտոտ տեխնոլոգիաների և մեթոդների մասին արդեն հայտարարություններ են արել իմ գործընկերները և ես չեմ ուզում դրանց կրկին անդրադառնալ: Պարզապես ուզում եմ նշել, որ ԲՀԿ-ն աջակցել է սիրո և համերաշխության հեղափոխությանը և, լինելով գործադիր իշխանության կազմում, այսօր էլ բարեխղճորեն և ամբողջությամբ կատարում է իր գործընկերային պարտականությունները»,-ասաց Իսայանը՝ ավելացնելով․«Ուստի կոչ եմ անում ՔՊ-ի իմ գործընկերներին իրենց մեկնաբանություններում առաջնորդվել միայն առկա իրողություններով, որոնց մասին խոսեցի արդեն իսկ, ու հիշել, որ հեղափոխությունից հետո մինչ այս անցած ճանապարհը ավելի խոսուն է, քան սուբյեկտիվ մեկնաբանությունները»:

Լուսանկարը՝ Իրավաբան․նեթ

Այս թեմայով