Շնողցիները Թեղուտի հանքավայրի հարցով նամակ են հղել ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպանին.ԷկոԼուր

2310022281422687666Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ կապված նամակով դիմել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դեսպան Անդրեյ Սորոկինին, հաղորդում է«ԷկոԼուրը»:

Նամակում մասնավորապես, ասվում է.

«Շնող եւ Թեղուտ համայնքների մոտ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը իրականացնում է պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործում, որի հետեւանքով մեր երկու համայնքների բնությունը եւ հոսքաջրերի որակը էապես վատթարացել է: Կան բավարար հիմքեր կասկածելու, որ հանքաքարի հարստացման ֆաբրիկայի գործարկումից ի վեր արտադրվող պոչանքն ուղղակիորեն լցվում է գետը, որով ոռոգվում են մեր այգիները: Գետի ջուր օգտագործվում է նաեւ ընտանի կենդանիներին ջուր տալու, ինչպես նաեւ բազմաթիվ այլ նպատակներով: Հետեւապես, հանքարդյունաբերական թափոններով գետի ջրերի աղտոտումը լուրջ վնաս կարող է հասցնել համայնքների բնակիչների գույքին եւ առողջությանը:

Այնուհանդերձ, Շնող եւ Թեղուտ համայնքների բնակչությունը հնարավորություն չունի մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել եւ պարզել ջրերի աղտոտվածության, դրանց բացասական հետեւանքների, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ծրագրի այլ բացասական ազդեցության աստիճանը:

Քանի որ ԵԱՀԿ-ն Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվում է արդեն երկար տարիներ, ունի բավարար փորձ եւ կապեր ոլորտի մասնագետների հետ, ուստի խնդրում ենք ձեզ հետ համագործակցող փորձագետների միջոցով մեզ մասնագիտական եւ կազմակերպչական աջակցություն տրամադրել ջրերի աղտոտման աստիճանը որոշելու, ինչպես նաեւ հանքավայրի շահագործման նախագծի իրականացման հետեւանքով երկու համայնքներին հասցվող տնտեսական, սոցիալական, առողջապահական վնասները գնահատելու համար»:

 


Այս թեմայով