Շիրխանյանը Վազգեն Սարգսյանի սպանությունը մեծ «շանս» էր համարել իր համար

Հայաստանն իր 27-ամյա անկախության ընթացքում ունեցել է սև էջեր, որոնց քաղաքական շահարկումները և դրանց շնորհիվ դիվիդենտներ շահելը համարվել է սրբապղծություն: Նման թեմաներից է 1999 թվականի հոկտեմբերի 27 ահաբեկչական գործողությունը: Սա հարված էր Հայաստանի պետականությանը ու այս հարցը շահարկողները նույնպես հարվածում են մեր պետականությանը:

Հոկտեմբերի 27-ի թեման առավել հաճախ շահարկում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նա իր հարցազրույցներում ներկայանում է, որպես Վազգեն Սարգսյանի զինակից ու ահաբեկչությունն իր համար համարում է նաև անձնական ողբերգություն:

Շիրխանյանը սակայն մոռանում է, որ 1999 թվականի սահմռկեցուցիչ այդ օրվա իր գործունեության մասին փաստեր կան պահպանված, որոնք այլ բանի մասին են խոսում:

Շաբաթներ առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակեց մի փաստաթուղթ, որը հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո ներկայացվել էր այն ժամանակվա երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։

Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում` իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:

Ու հատկապես այս փաստաթղթի հրապարակումից հետո Վահան Շիրխանյանը ամենավերջին մարդն է, որը կարող է քննարկել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը և դրանում մեղադրել այս կամ այն գործչին: Մարդը, որը Վազգեն Սարգսյանի «մարմնի վրայով» անցնելով պատրաստ է եղել վարչապետ դառնալ, բարոյական իրավունք չունի անգամ հիշել այս հարցը:

Այս թեմայով