Շենգավիթում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է. ՀՔԾ

fabc8ad2a7c55ba30456346a99f4361fՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մեկ անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, իսկ մեկը՝ Արամ Պետրոսյանը, կրծքավանդակի աջ հատվածում ստացել հրազենային վնասվածք, ում պատճառված վնասվածքը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ կատարված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահի սեփականատիրոջ կինը։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
 


Այս թեմայով