Շենգավիթում հայրը սպանել է որդուն ու նետել կարտոֆիլի հորը

2310016331422430096Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ Կ. Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գ. Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գ. Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:

Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գ. Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կ.Ոսկանյանը:

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է: Կ.Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 


Այս թեմայով