«Շարունակելու ենք ծեծել ձեզ», ասել է Սերժ Սարգսյանը

AՀուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների կողմից ուժ կիրառելու արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում եղան տասնյակ վիրավորներ, այդ թվում անչափահասներ, որոնցից մեկը կորցրեց աչքը և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ոստիկանության զորքերը և նրանց հետ գործողությանը մասնակցող քաղաքացիական հագուստով անձիք անխնա ծեծում էին բոլորին:

Այս միջադեպից օրեր անց, երբ «Սասնա Ծռեր» խմբի տղաները վայր դրեցին զենքերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր հրավիրեց իր իշխանությանը հավատարիմ գործիչներին: Թվում էր, թե այդ օրը երկրի նախագահից պետք է լսել քննադատություն ոստիկանության հասցեին, քանի որ նրանք անհարկի ուժ էին կիրառել քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ:

Իրականում Սերժ Սարգսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ուժային կառույցների ղեկավարներին.«….Ինչպես նշեցի, այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինները ձեռնարկեցին բոլոր հնարավոր միջոցները մարդկային կորուստներից խուսափելու համար: Այդ առումով առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար….»,-ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում:

Հիմա հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը ոստիկանությանը ինչի՞ համար է շնորհակալություն հայտնել` ՊՊԾ գունդը կորցնելու՞, թե քաղաքացիներին անխնա ծեծլու՞ համար:  Ժողովրդավար երկրներում երկու դեպքում էլ ոստիկանությունը դրա համար նկատողություն կստանար, իսկ համակարգի ղեկավարները հրաժարական կտային, եթե իհարկե քրեական պատասխանատվության չենթարկվեին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ՊՊԾ գնդի կորստի համար, ապա քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկեր ոստիկանությանը և առաջին հերթին ոստիկանության ղեկավարությանը:

Այսքանից հետո երկրի ղեկավարի շնորհակալությունը կարող է նշանակել մեկ բան, որ ոստիկանությունը շարունակելու է ծեծել քաղաքացիներին ու այս առումով կառույցը ունի երկրի ղեկավարի լիարժեք աջակցությունը:

Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐԻ

Դիտվել է 3,235 անգամ
 


Այս թեմայով