Շարմազանովը հպարտանում է, որ Միկոյանը հազարավոր հայերի գնդակահարության տակ է ստորագրել

«Ելք» խմբակցության նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Երևանում հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով։ Առաջարկվում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն։

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ, պատմաբան Էդուարդ Շարմազանովն լրատվականներից մեկի հետ զրույցում նշեց, որ պատմության մեջ չկան անթերի գործիչներ: Շարմազանովն ավելին նշել էր, որ պետք է հպարտանալ, որ մենք ունենք Անաստաս Միկոյանի նման գործիչ: ՀՀԿ-ականը կարծում է, որ ադրբեջանցիները կերազեին ունենալ Միկոյանի պես ազգակից:

Politik.am-ը ստիպված է պատմաբան Էդուարդ Շարմազանովին հիշեցնել պատմական որոշակի դրվագներ, որոնք կբացեն շատերի համար Միկոյանի իրական դեմքը:

Ադրբեջանի բոլշևիկացումից հետո, երբ Հայաստանում դեռևս դաշնակցական իշխանությունն էր, կրկին սկսել էր վիճարկվել Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Միկոյանը 1920 թ. ընթացքում մի քանի անգամ վճռականորեն փորձել է ազդել Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու որոշման օգտին: Եթե հավատանք ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլիին, ով հղում է Ադրբեջանական արխիվի մի փաստաթուղթ (Телеграмма Н.Нариманова, М.Мдивани, А.Микояна, А.Нуриджаняна Г.Чичерину. 19.06.1920 // Государственный Архив Азербайджанской Республики, ф.28, оп.1, д.211, л.115), 1920 թ. հունիսի 19-ին,  երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, բոլշևիկներ Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին հետևյալ բովանդակությամբ. «Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում»(Джамиль Гасанлы: Нагорный Карабах: старые заблуждения в новой интерпретации;

Մեկ այլ խմբակային նամակ, ըստ նույն աղբյուրի, այս անգամ առանց Նուրիջանյանի, բայց դարձյալ նաև Միկոյանի ստորագրությամբ, ուղարկվել է Կոմկուսի ԿԿ-ին. «Մեր պարտքն ենք համարում Զանգեզուրի և Ղարաբաղի կապակցությամբ ԿԿ-ին տեղեկացնել մեր միասնական կարծիքը: Հայաստանի հետ այդ հարցի քննարկման մեջ զգացվում է Կովկասում հեղափոխության դեմ ընթացող միջանկյալ լուծում: Ղարաբաղը մուսավաթականների ժամանակաշրջանում ամբողջովին Ադրբեջանի մեջ էր: Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ու տնտեսական անխզելի կապերը Բաքվի հետ, որը սնվում է այդ գավառների տասնյակ հազարավոր բանվորներով, և Երևանից դրանց ամբողջական խզվածությունը լիովին ապացուցվել է Ղարաբաղի հայության 1919 թ. համագումարով, որը հայերի համար անտանելի մուսավաթական ռեժիմի և Հայաստանի ագենտների քարոզչության պայմաններում վճռականորեն արտահայտվել է Ադրբեջանի հետ լիակատար միասնականության օգտին՝ հայերի խաղաղ կյանքի երաշխիքներով» (Письмо Нариманова, Мдивани, Микояна, Нанейшвили, Весника, Левандовского и Михайлова в ЦК РКП(б). 10.07.1920 // АПД УДП АР, ф.1, оп.44, д.118, л.25-27; (Джамиль Гасанлы: Нагорный Карабах: старые заблуждения в новой интерпретации; http://www.regnum.ru/news/1428880.html)):

Խոսքը գնում է Ղարաբաղի հայության 1919-ի օգոստոսի համագումարի մասին, որը թվով յոթերորդն էր 1918-1920 թթ. կայացած ինը համագումարներից (22.07.1918; 08.09.1918; 18.09.2018; 10.02.1919; 23.04.2019; 13.08.2019; 28.02.1920; 25.04.1920):

Առաջին իսկ համագումարում ձևակերպվել է Ղարաբաղի հայության կամքը՝ Ղարաբաղը հայտարարվել է ինքնուրույն վարչա-տարածքային միավոր: Դրանից հետո կռիվների, թաթարների կողմից թալանի, հայկական գյուղերի շրջափակման ու կողոպուտների պակաս չի եղել, իսկ 1919 թ. մայիսից ԱԴՀ-ի կողմից նշանակված գավառապետ Սուլթանովի կողմից ամեն ինչ արվել է Ղարաբաղի հայ բնակչությունը, հատկապես Շուշի քաղաքը սովի մատնելու: Կոտորվել են ամբողջ գյուղերի բնակչություն, կողոպտվել է գույքը, թալանվել են անասունները: Ղարաբաղի հայությունը հայտնվել է ծանրագույն վիճակում: Ղարաբաղն այդ շրջանում ոչ մի տեղից ռազմական օգնություն չուներ: Ահա այս պայմաններում Ղարաբաղի հայության յոթերորդ համագումարում, 1919 թ. օգոստոսի 13-ին,  որոշվել է մինչև Փարիզի հաշտության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը։

Այս համագումարից ութ ամիս հետո, 1920 թ. մարտի 22-ին տեղի է ունեցել Շուշիի հայերի ահռելի կոտորածը, որից հետո քաղաքում հայ չի մնացել, քաղաքն էլ հրդեհվել է: Այս համագումարի մասին է, որ Շուշիի հայկական կոտորածներից հետո բոլշևիկները, այդ թվում Միկոյանը, կենտրոնին տեղեկացնում են, իբրև հայերը «վճռականորեն արտահայտվել են Ադրբեջանի հետ լիակատար միասնականության օգտին»: Կարելի է վստահ լինել, որ Միկոյանը հստակ գիտեր, թե ինչպես է ձեռք բերվել Ղարաբաղի հայության 1919 թ. համագումարի որոշումը և թե իրականում ո՞րն էր այդ որոշումը: Միկոյանը Բաքվում է եղել այս հեռագրերը ուղարկելուց մեկուկես տարի առաջ, և Բաքվի հայության սարսափելի կոտորածը նրա աչքի առաջ է կատարվել, մասամբ՝ նաև բոլշևիկների, Բաքվի կոմունայի, ուրեմն նաև՝ իր մեղքով:

Սակայն Միկոյանը, չբավարարվելով այդքանով, իր պարտքն է համարել 1920 թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ ևս մի հեռագիր ուղարկել Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):

Հավատու՞մ էր արդյոք Միկոյանը իր ուղարկած հեռագրերի շրջանակներում Ղարաբաղի և Զանգեզուրի բնակչության անվտանգ ապագային 1918-20 թթ. Բաքվի, Նուխի-Արեշի, Ղարաբաղի հայերի սարսափելի կոտորածներից հետո և ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանն առանց այդ տարածքների: Թե՞ դաշնակցության հանդեպ ատելությունն այնքան մեծ էր, որ նա գերադասում էր շրջանցել Հայաստանի ցանկացած միջամտություն Ղարաբաղի ու Զանգեզուրի ճակատագրերի որոշմանը:

Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի բոլշևիկներն շտապում էին դեպքերն արագացնել, որովհետև ընթացքի մեջ էր Սևրի պայմանագիրը (այն ստորագրվեց 1920 թ. օգոստոսի 10-ին) և նրանք ուզում էին օր առաջ լուծած լինել Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը՝ փաստի առաջ կանգնեցնելով Սևրի պայմանագրի վրա աշխատողներին: Իսկ Սևրի պայմանագրով կոնկրետ Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի որոշվեին այս պետությունների ուղղակի բանակցություններով, հակառակ դեպքում դաշնակից պետությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ ստեղծվող հանձնաժողովով: Հարց է ծագում՝ ինչու՞ Միկոյանն էլ շահախնդիր էր Ղարաբաղի ու Զանգեզուրի հարցը լուծել առանց Հայաստանի մասնակցության՝ հօգուտ Ադրբեջանի: Մի՞թե իր բոլշևիկյան համոզմունքների պատճառով:

Հաջորդը. Խանջյանի սպանությունից հետո, 1937 աշնանը Միկոյանը Մալենկովի և Բերիայի հետ մեկնել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:

Սա իհարկե Միկոյանի չարագործությունների ամբողջական ցանկը չէ: Շատ ավելի այլ դրվագներ էլ կան կապված Միկոյանի գործունեության հետ, սակայն այքանն էլ բավական է հասկանալու համար, թե ով է Անաստաս Միկոյանը, որով հպարտանում է Շարմազանովը:

Ստացվում է Շարմազանովը հպարտանում է, որ Միկոյանը հազարավոր մարդկանց գնդակահարության տակ է ստորագրել:

 


Այս թեմայով