Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

arm138364959991«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանն այլեւս հանրային պաշտպան չունի, նա ինքնուրույն կիրականացնի իր պաշտպանությունը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գարիկ Մալխասյանը, ում ավելի վաղ նշանակել էին որպես հանրային պաշտպան:

Նա նշեց, որ ստացել է քննիչի որոշումը Շանթ Հարությունյանի՝ պաշտպանից հըրաժարվելու դիմումի վերաբերյալ, եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավարն արդեն պաշտպան չունի, ինքնուրույն է իրականացնում իր պաշտպանությունը:

Գարիկ Մալխասյանը տեղեկացրեց նաեւ, որ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու նրա մոտ հոգեկան շեղումներ կան, թե ոչ:

Նշենք, որ Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ իր նախկին ամուսինը «գժի թուղթ չունի», «Շանթը գիժ չի ու գիժ չի էլ եղել»: Նա պատմել էր, որ Շանթ Հարությունյանին ձերբակալել էին 2008թ մարտի 1-ի գործով, մեկ տարի շարունակ նրան պահել են, բայց մեկ տարի անց են միայն որոշել դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել, ինչը առնվազն կասկածելի է: Իսկ այդ ժամանակ նրա հետ շատ վատ էին վարվել, փորձել սրսկել քնած ժամանակ եւ այլն: Փորձաքննությամբ պարզվել է, որ  Շանթ Հարությունյանը մարտի 1-ից առաջ եղել է նորմալ, առողջ վիճակում, մարտի 1-ին ստեղծված իրավիճակում եղել է աֆեկտի մեջ եւ չի գիտակցել իր գործողությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին,  նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին, մնացածին ազատ էին արձակել:

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով