«Նրա փոխարեն ես կլռեի»․ Փաշինյանի արձագանքը Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը

Nikol-Pashinyan1«Բազմահազարանոց և միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած և այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի:
Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց և մինչև վերջ: Ու որևէ մեկը չմտածի, թե իր որևէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից:

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի և գնահատականները պետք է լինեն համարժեք:

Հ.Գ. Ասել եմ, ու էլի կասեմ՝ քաղաքականությունը հասկացողների և ոչ թե չհասկացողների զբաղմունք է: Նաև՝ մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Նաև՝ վերահաստատում եմ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արած բոլոր հայտարարություններս»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` արձագանքելով ժառանգական Արմեն Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք` լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ Փաշինյանի գնահատականներն անթույլատրելի էին: «Ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ հնչեցնել, որքան էլ հիմնավոր լինեն, բայց այս պարագայում ինքը, ցավոք, իմ մասին խոսքեր ասաց, որոնք ոստիկանության ներկայացուցիչներ էին ցուցմունքներում գրել և դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- նշել էր Ա. Մարտիրոսյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը վիրավորված էր Փաշինյանի վարքագծից, և ընդգծում էր, որ «քաղաքական գործչին սազական չէ» անազատության մեջ գտնվող գործընկերոջը վերագրել մտքեր, որոնք իրենը չեն:

 


Այս թեմայով