Նպատակը՝ Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է

Նոր Հայաստանի քաղաքական իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ։ Այն, որ Քոչարյանի գործը վարվում է գործադիր իշխանության խիստ հսկողության ներքո և դատական իշխանությունը անկախ որոշումներ չի կայացնում որևէ մեկի համար կասկածի տեղիք չի թողել։

Նախորդ տարվա դեկտմբերի 28-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունը հետաձգվեց միայն այն պատճառով, որ քննիչը հրաժարվել էր ոչ աշխատանքային ժամի մասնակցել դատական նիստերին։ Դեկտեմբերի 28-ն էլ տարվա վերջին աշխատանքային օրն էր, ուստի դատարանը որոշել էր 12 օր հետաձգել նիստը, որպեսզի աշխատանքային օրվա ընթացքում նիստ կայանա։

Հետաքրքիր է, սակայն, որ նույն ոչ աշխատանքային օրերին Հայաստանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում բազմաթիվ միջնորդություններ են քննվել։ Politik.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Դատական դեպարտամենտ պարզելու համար, թե 2018 թվականի դեկտեմբերի 29—ից 2019 թվականի հունվարի 7-ը քանի միջնորդություն է քննվել։ Մեր գրավոր հարցման ի պատասխան Դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ այդ ընթացքում քննվել  է 33 միջնորդություն։

Փաստորեն ակնհայտ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունը հետաձգվեց ոչ այն պատճառով, որ աշխատանքային օրեր չէին, այլ այստեղ կարելի է այլ ենթադրություներ անել։

 

Այս թեմայով