Նոր պաշտոն հանուն Ռիտա Սարգսյանի քրոջ որդու

ՊԵԿ-ում կրքերը սկսում են եռալ: Կառույցի պրոֆեսիոնալ աշխատակիցները չեն կարողանում հարմարվել այն իրավիճակին, որը ստեղծվել է ՊԵԿ փոխնախագահ Արա Գաբրիելյանի նշանակումից հետո: Արա Գաբրիելյանը լինելով Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մտերիմը, փորձում է կառույցում նորից վերականգնել խաչատրյանական բարքերը:

Նախ փորձենք հասկանալ ով է Արա Գաբրիելյանը.

Նա ՊԵԿ-ում աշխատանքային փորձառություն չունի: 2006-2010 թվականներին աշխատել է «Բեռնափոխադրման մենեջեր» Էյր Արմենիա ՓԲԸ»-ում, 2008-2010 թվականներին համատեղության կարգով աշխատել է  «Ֆաստ Բրոք Սերվիս» ՍՊԸ-ում (այս ընկերությունը հետագայում ձեռք է բերել նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ ընտանիքը ), որպես փոխտնօրեն, իսկ ահա 2010 թվականից աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում, իսկ երբ ընկերությունը վաճառվել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ փոխկապակցված «Ucom» ՍՊԸ-ին, Արա Գաբրիելյանը զբաղեցրել է ընկերության անվտանգության ծառայության պետի պաշտոնը:

Նշանակվելով պաշտոնի, Արա Գաբրիելյանը շարունակում է իրենց պաշտոններին պահել այնպիսի պաշտոնյաների, որոնք կապված են նախկին իշխանությունների հետ և ավելին, հենց նախկին իշխանությունների կոռուպցիոն միջամտությունների շնորհիվ են պահպանել իրենց պաշտոնները: Նման պաշտոնյաներից մեկն էլ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է՝ Արշակյան Վարազդատը, որը զբաղեցնում է ՊԵԿ հետբացթողումային վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Վարազադատ Արշակյանը 2009 թվականին աշխատել է Զվարթնոց օդանավակայանի կարգո համալիրի զննման բաժնի պետ: Նշանակվելուց մի քանի ամիս հետո ազատվել է աշխատանքից, քանի որ մասնակից է եղել ադամանդների մաքսանենգության մի պատմության:

Հետագայում Ռիտա Սարգսյանը միջնորդում է և Վարազդատ Արշակյանը նշանակվում է մաքսատներից առանձնացված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության նորաստեղծ վարչությունում, որպես պետի տեղակալ:

Ի դեպ այս վարչության ստեղծման պատմությունը ևս իր մեջ կոռուպցիոն նպատակներ է թաքցրել: Աշխարհի որևէ երկրի մաքսային կառույցում չկա առանձնացված նման կառույց: Այդ գործառույցը իրականացնում են հենց մաքսատները: Նման կառույց ստեղծելու միտքը եղել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանինը: Նա այս կերպ փորձել է իր անձնական հսկողության դաշտում պահել բոլոր պրոցեսները: Կարեն Կարապետյանի կառավարության օրոք այս կառույցը լուծարվեց և քանդվեց Խաչատրյանի հիմնած կոռուպցիոն մեծ բուրգ:

Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը և իր նախկին ղեկավար, Ռիտա Սարգսյանի քրոջ տղան՝ Վարազդատ Արշակյանը, փորձում են անաղմուկ վերականգնել այդ կառույցը: Նպատակը մեկն է, վերականգնել բոլոր այն սխեմաները, որոնք գործել են Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին և վերականգնված վարչության պետ պետք է դառնա Ռիտա Սարգսյանի քրոջ որդին՝ Վարազդատ Արշակյանը:

Մեր աղբյուրներն ասում են, որ նախագիծն արդեն պատրաստ է ու այն պատրաստելու պրոցեսին մասնակցել են միայն Վարազդատ Արշակյանը և Արա Գաբրիելյանը: Նրանք հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց խորանալու խնդրի մեջ որոշում կստորագրի և կվերստեղծվի Գագիկ Խաչատրյանի մտքի թռիչքով ժամանակին ստեղծված, իսկ նրա պաշտոնանկությունից հետո փակված՝ պետության համար անարդյունավետ կառույցը:

Այս թեմայով