Նոր ու սարսափազդու մանրամասներ Ալավերդու քրեական իրավիճակից

«Փաստ» օրաթերթը գրում է. Մամուլում հաղորդագրություն տարածվեց Ալավերդի քաղաքում տեղի ունեցած մի դաժան սպանության մասին: Մեր տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39–ամյա Կարեն Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը: Նրան ձերբակալել են: Ովքե՞ր են նրանք՝ սպանողն ու սպանվողը: Ինչո՞ւ է սպանվել, ովքե՞ր են նրանց թիկունքին: Հարգելի ընթերցողնե՛ր, պինդ «բռնվեք», Վովա Գասպարյա՛ն, Դուք էլ պինդ «բռնվեք», եթե անտեղյակ եք, գրում ենք իրականությունը:

Եվ այսպես. Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել): Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը: Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով: 2015–ի սեպտեմբերին Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին: Հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին:

Հաղթեց մարզպետի թեկնածուն: Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»: Մեկ տարի առաջ՝ «կիսագողական» ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» ատրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի խմբի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին և ալավերդցի Վարդան Ավագյանին: Մինչ օրս նա հետախուզման մեջ է: Եվ ահա երկու օր առաջ Վահագնի խմբին «հարող» Վալերի (Վալոդիկ) Դավթյանը ասես վրեժ լուծեց՝ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:

Այս նոր սպանության առիթով հայտարարվեց, թե մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանը քննչական խումբ է ստեղծել, հարուցվել է քրեական գործ (սպանություն, ապօրինի զենք–զինամթերք կրել, պահել, օգտագործել): Իսկ որտե՞ղ էին մինչ այդ նույն Շուշանյանը, մարզի ու Ալավերդու իրավապահ մարմինները:

Անտեղյա՞կ են մշտապես զենք–զինամթերք կրող, զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջապատված, ահ ու սասափ տարածող այս խմբավորումների գոյության մասին: Այն դեպքում, երբ սպանություններ արդեն եղել էին: Ասում ենք «Ազդարարի ինստիտուտ» ենք ուզում ստեղծել: Բա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի ազդարարող չունի՞ էդ կողմերում, որ տեղեկանա, թե ինչ բեսպրեդել ու անիշխանություն է տիրում Ալավերդի քաղաքում:

 


Այս թեմայով