Նոր հանգանակություներ` ուղղված սիրիահայության կարիքներին

Սիրիահայության աջակցության շրջանակներում տարեսկզբից նոր գումարներ են փոխանցվել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: 
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հանգանակած 100 000 եվրոն Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կուղղվի մեր սիրիահայ հայրենակիցների ամենատարբեր խնդիրների լուծմանը: Գերմանիայի տեղական մարմնի հանգանակած 35 000 եվրոն արդեն իսկ փոխանցվել է Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին` սիրիաբնակ հայերին իրենց հայեցողությամբ սատարելու նպատակով: Հեռուստամարաթոն 2013-ին հավաքագրված գումարներից 15 միլիոն ՀՀ դրամ էլ կուղղվի Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների տարատեսակ կարիքներին, ներառյալ ուսանողների ուսման վարձի, վիրահատությունների եւ հուղարկավորության ծախսերի փոխհատուցումը, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Առողջապահական, կրթական եւ սոցիալական ծրագրերի շահառուների ընտրությունն իրականացվում է Սփյուռքի նախարարության հետ համատեղ:
________________________
Հիշեցնենք, որ սիրիահայության աջակցության նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված գումարները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի եւ 2013-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից (այդ թվում` Հրայր Հովնանայան, Արա Աբրահամյան, Փեթակ ՍՊԸ, Հայռուսգազարդ ՓԲԸ, Գալուստանյան Րաֆֆի բարեգործական կենտրոն, ՀՀ Դատավորներ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ, Բանանց ֆուտբոլային ակումբ, Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական դպրոց, Թուրվանդ ՍՊԸ եւ այլն): Իրականացվել են ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում: 2013թ-ի հունիսի դրությամբ 100 000 եվրո (Ֆրանսիայի տեղական մարմին), 12 000 եվրո (Գերմանիայի տեղական մարմին), 100 000 ԱՄՆ դոլար (Լիբանանի տեղական մարմին) ուղղվել են Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների տարբեր կարիքների լուծմանը: Գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին որպես աշխատավարձ: Հիմնադրամի Բրազիլիայի (15 000 դոլար), Արգենտինայի, Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով Հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, ինչպես նաեւ վեց սիրիահայի սրտի վիրահատության եւ երեքի հուղարկավորության ծախսերը: Հիմնադրամի Արեւմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10 000 ԱՄՆ դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներ: Հիշեցնենք, որ գործարարներ Հրայր Հովնանյանի եւ Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել էր Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթները:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով