Նոր հայտարարություն. ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է պահպանել հավաքի խաղաղ բնույթը

«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով, Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է:

ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից:

«Հիշեցնում ենք, որ երթի վերաբերյալ լիազոր մարմնին իրազեկում ներկայացնելը ինքնանպատակ չէ. այն ոստիկանությանը նախապես հնարավորություն է տալիս կազմակերպչական միջոցառումներ ձեռնարկել խաղաղ հավաքին լիարժեք աջակցություն ցույց տալու ուղղությամբ և ապահովել հավաքի կազմակերպչի արդյունավետ համագործակցությունը ոստիկանության ներկայացուցիչների հետ», -նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Այս թեմայով