Նոր Հայաստանի առաջին կեղծ ընտրությունը. ՍԱՊԾ պետի պաշտոնի ընտրությունը կեղծվել է

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ազատություն ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել էր, որ եթե ներկայացվեն փաստեր, որ ՍԱՊԾ պետի մրցույթում տեղի է ունեցել կեղծիք, ապա իրենք կփորձեն լուծում տալ այդ խնդրին։ Politik.am-ի խնդրանքով  «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպության գործընկեր, իրավագետ Վարդան Հակոբյանը անդրադարձել է ՍԱՊԾ պետի ընտրության խնդրին: Իրավագետի մեկնաբանությունը ներկայացնում ենք առանց կրճատումների ստորև.

20.06.2018թ. անցկացվել է Կառավարության ենթակա մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտան­գության տեսչական մարմնի խորհրդի նիստ: Նիստում քննարկման է ներկայացված է եղել տեսչության պետի հավանական  թեկնածուի ընտրության և  ընտրված թեկնածուին վարչապետին` նշանակման համար ներկայացնելու հարցը:

 Տեսչական մարմնի ղեկավարի համար խորհրդի կողմից երաշխավորվել և վարչապետին է ներկայացվել երկու թեկնածու` Գեորգի Ավետիսյանը և Արարատ Գյուլումյանը:

Սույն գործընթացը տեղի է ունցել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված իրավանորմերի առերևույթ խախտմամբ:

Նախ` Սննդամթերքի անվտան­գության տեսչական մարմնի խորհրդի նիստում առկա է եղել շահերի բախում, ի դեմս` խորհրդի անդամներ Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի և ԳԱԱ աշխատող Դավիթ Պիպոյանի և Գեորգի Ավետիսյանի միջև: Ինչպես հետագայում պարզվում է Պիպոյան եղբայրները Գեորգի Ավետիսյանի ընկերներն էին (տե’ս https://www.youtube.com/watch?v=X6JcT8_JMRY, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Babken Pipoyan» օգտատիրոջ 22 hունիսի 2018 թվականի գրառման նույնանկարը): Այս հանգամանքով առերևույթ խախտվել է մրցույթի մյուս մասնակիցների` ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական մարմինների կողմից իրենց առնչվող գործերի անաչառ և արդարացի քննության իրավունքը, այն է պատշաճ վարչարարության իրավունքը:

Խորհրդի որոշմամբ առերևույթ խախտվել է նաև
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը, այն է` հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված 2-րդ մաս): Առերևույթ Խախտվել է նաև նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված Կամայականության արգելքի սկզբունքը, ինչի 1-ին մասուվ բովանդակվում է` Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:

Այս իրավական համատեքստում` սույն իրավանորմ-սկզբունքի խախտումն ակնհայտ է դառնում, այն փաստից, որ վարչական մարմինը` այս դեպքում` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհուրդը չի ունեցել որևէ հաստատված չափանիշներ, այդ թվում` հարցաշար, քննամիավոր և այլն, որոնց համաձայն` այն կկարողանար տարբերակեր  միատեսակ և տարբերվող փաստական  հանգամանքները: Այս տրամաբանության շրջանակներում առնվազն տարօրինակ է, թե ինչու՞ է տեսչական մարմնի խորհուրդը նախապատվության արժանացել երկու թեկնածու և ոչ թե երեք թեկնածուի, կամ առհասարակ ինչի՞ հիման վրա է խորհուրդն ընտրել մեկից ավել թեկնածու, կամ ո՞ր իրավական նորմերով սահմանված չափանիշներով է այդ ընտրությունը կատարվել:

Ավելին, 2018թ. ապրիլի 5-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը (n 366-ն)` «ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի n 1730-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» մասսին,  10-րդ կետով նախատեսում է, որ «»….Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ներկայացմամբ «».…» Այսինք` տեսչական մարմնի խորհուրդը, որպես այդպիսին, չէր կարող քննարկել և վարչապետին ներկայացնել երկու թեկնածուի, որովհետև սույն որոշման համաձայն տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարի մեկ թեկնածուի, որին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Այս ամենը ամփոփելով ակնհայտ է դառնում այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի խորհրդի նիստում տեղի է ունեցել ոչ իրավաչափ վարչական գործողություն, որը հիմք է  ծառայել ՀՀ վաարչապետի համար տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Գեորգի Ավետիսյանին նշանակելու համար:

«Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպության գործընկեր, իրավագետ Վարդան Հակոբյան

Այս թեմայով