Նոր խաբեություն. ոստիկանությունը զգուշացնում է

sexՀամացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8.500 ՀՀ դրամ։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։ Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։

Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։
Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից՝ կարող են դիմել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կամ զանգահարել 011-56-27-18, 010-59-67-33 հեռախոսահամարներով:

Դիտվել է 1,126 անգամ
 


Այս թեմայով