«Նոր իշխանությունները խոստացան, բայց նախորդների պես խաբեցին». 14-ամյա պայքարը շարունակվում է

Այսօր Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին բարձրաձայնում Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի նախկին բնակիչները, ովքեր ասում են, որ իրենց իրավունքները ոտնահարել են և 14 տարի շարունակ իրենց ձայնը չեն լսում: Ըստ ցուցարարների՝ 14 տարի առաջ իրենցից չնչին գումարներով գնել են բնակարանները, հետագայում մի մասին փոխհատուցումներ են տրամադրել, իսկ 7-8 ընտանիքներ այդպես էլ չեն ստացել փոխհատուցում:

Politik.am-ի հետ զրույցում նախկինում Տերյան 20 հասցեի սեփականատեր Արթուր Մելիք-Շահնազարյանը, ով այժմ ապրում է Էջմիածոնւմ, ներկայացնում է իր խնդիրը.

«2004 թվականին քանդել են Հյուսիսային պողոտայում գտնվող մեր տները, ու դրա դիմաց տվել չնչին գումար, որով նույնիսկ քաղաքի ծայրամասերում հնարավոր չէր բնակարան գնտել: Իմ դեպքում 30 քմ տան դիմաց տվել են 21 000 դոլար»:

Ընտանիքների մի մասին պահանջը բավարարել և փոխհատուցում են տվել: Մնացել են 7-8 ընտանիք, որոնց չեն աջակցում.«Ստացվում է՝ մի մասին տալիս են, մյուսին՝ ոչ: Ոչ մի պատճառաբանություն չեն ասում: Ասում են՝ այն ժամանակ աջակցությունը կատարել է «Երևան» հիմնադրամը, որն այժ լուծարվել է, և իրենք աջակցել չեն կարող: Նմանատիպ անորոշ պատասխաններ շատ եմ ստացել»:

Մելիք-Շահնազարյանն ասում է՝ իրեն արդեն դեմքով ճանաչում են, այնքան է եկել Կառավարության, քաղաքապետարանի, այն ժամանակ էլ՝ նախագահականի դիմաց՝ իր խնդիրը բարձրաձայնելու.«Նոր իշխանությունները խոստացան, բայց նախորդների պես նորից խաբեցին: Բողոքները դեռ ոչ մի արդյունք չեն տալիս»:

 

Այս թեմայով