Նորանշանակ նախարարը առաջարկում է ազգ-բանակ կառուցել

վիգեն վԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր հարցն ուղղեց նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ շեշտելով, թե ոլորտը նոր չէ, բայց նոր պաշտոն է նրա համար:

Պատգամավորը խնդրեց նախարարին ներկայացնել իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ։

«Իհարկե այն քայլերի մասին, որոնց մասին կարելի է խոսել հրապարակայնորեն»,-ասաց նա:

Նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոստովանեց, որ հիշարժան օր է այսօր իր համար, քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում՝ առաջին անգամ է այս մասնակցում ԱԺ հարցուպատասխանին:

Նախարարը նշեց, որ Կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվի պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը և տեղեկացրեց, որ այսօր առիթ են ունեցել կառավարութան կազմով ներկայացնել 25-րդ տարում ազգային բանակի գոյության առաջնահերթությունները, որոնք հիմնված են ԶՈւ և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա:

«Գիտեք, որ հունվարի 28-ին բանակի 25-րդ տարին է, և մեր խնդիրն է՝ անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրավիճակը, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,-ասաց նա:

Պաշտպանության նախարարը նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որ բանակը ծանր բեռ դառնալու փոխարեն դառնա պետության ու տնտեսության շոգեքարշ:

«Դա նշանակում է, որ պետք է ընդգրկել ոչ միայն նրանց, ովքեր ԶՈւ-ում ծառայում են, այլ ողջ ազգաբնակչությանը, որոնք բանակի հետ կապված ծրագրեր ունեն՝ գիտահետազոտական, գիտական, տնտեսական, արդյունաբերական և այլն, և այդ ժամանակ բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում»,-ասաց նա:

Երկրորդ կարևոր բաղադրիչը, ըստ նրա, այն կլինի, որ բանակը պարզապես հասարակության հայելին դառնալուց բացի, լինի հասարակության դպրոցն ու դարբնոցը:

«Այսինքն՝ բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ ու մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է բանակ: Սա է լինելու առաքելությունը, և ԱԺ-ի հետ դրա համար պետք է իրավական հիմք ու գործնական քայլեր ձեռնարկենք, որ օրենսդրությունը դառնա իրականություն»,-ասաց նա:

Դիտվել է 615 անգամ
 


Այս թեմայով