Նոյեմբերի 11-ին Աննա Հակոբյանը կմեկնի Մոսկվա՝ իր հիմնադրամի համար գումար բերելու

Մոսկվայի հայ համայնքը պատրաստվում է նոյեմբերի 11-ին կայանալիք դրամահավաք երեկոյին, որին, մեր տեղեկություններով մասնակցելու է նաև վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դրամահավաքի ընթացքում հավաքված գումարը փոխանցվելու է Աննա Հակոբյանի հիմնած «Իմ քայլը» հիմնադրամին։

Երեկոն, որի ընթացքում նաև դրամահավաք է իրականացվելու, նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Առոն Բաբաջանյանի 97 ամյակին։ Կազմակերպիչները Մոսկվայի հայ համայնքին տեղեկացրել են, որ միջոցառմանը մասնակցելու է  նաև Աննա Հակոբյանը, ուստի ցանկացողների թիվը քիչ չէ։ Բայց ոչ բոլորն են կարողանալու մասնակցել միջոցառմանը։ Միջոցառումը տոմսերով է լինելու, և մեկ տոմսի արժեքը, նվազագույնը, 150 դոլար։ Հենց տոմսերի վաճառքից հավաքված գումարից էլ հիմնականում ձևավորվելու է «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվող գումարի ահռելի մասը։ Մեծ գումար դժվար հավաքվի, քանի որ ամենամեծ կարողություն ունեցող գործարարները չեն պատրաստվում մասնակցել երեկոյին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ դրամահավաքին չեն մասնակցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրանց մոտ կանգնած գործարարները։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Politik.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունները, որ նոյեմբերի 11-ին դրամահավաք երեկո է լինելու, և որ հավաքված միջոցները փոխանցվելու են «Իմ քայլը» հիմնադրամին․«Առնո Բաբաջանյանի 97 ամյակին նվիրված միջոցառում է, որի ընթացքում  լինելու է դրամահավաքը, ու հավաքված միջոցները տրամադրվելու են «Իմ քայլը» հիմնադրամին, Աննա Հակոբյանի մասնակցությունը դեռ որոշված չէ»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ միջոցառման  կազմակերպիչը «Իմ քայլը» հիմնադրամը չէ։

Այս թեմայով