Նոյեմբերին Ադրբեջանը ավելի մեծ սադրանքի կդիմի

բանակԱրդեն իսկ օրինաչափություն է դարձել, որ ամենատարբեր ֆորմատներով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը գնում է սահմանային լարվածության և գնդակոծում հայկական գյուղերը: Վերջին դեպքը օրերս Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ էր: Փորձագետների կարծիքով սա Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու փորձ է: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո սահմանային լարվածությունը կարծես թուլացել է, սակայն չի բացառվում նոր սրացումները: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հրապարակվել, այն մասին, որ մոտ ապագայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: «Հրապարակ» օրաթերթը հղում տալով իր աղբյուրներին գրել էր. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում՝ նոյեմբերի 19-ին։ Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների՝ այն հանդիպում է հանդիպման համար։ Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը։ Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը սպասվող հանդիպման ժամանակ պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը»: Հասկանալի է, որ այս հանդիպումը շատ ավելի մեծ նշանակություն ունի ադրբեջանական կողմի համար և նա ամեն գնով փորձելու է տապալել հանդիպումը: Վերջին դեպքերը հայկական կողմին բավական մեծ փաստարկներ են տվել և դժվար չի լինի բանակցությունների ընթացքում ցույց տալ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղավորությունը իրավիճակի բարդացման մեջ: Վերջին օրերին մեր բանակի շեշտակի և անհամաչափ արձագանքը հնարավորություն չի տալու Ադրբեջանին ունենալ առավելություններ և ըստ երևույթին Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծ է լինելու: Հենվելով Ալիևի իշխանության տրամաբանությանը կարելի է վստահաբար ասել, որ Ադրբեջանը ոչ մի նոր բան չի մտածի և կգնա հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մեծացման: Այս անգամ հնարավոր է ադրբեջանը շատ ավելի մեծ սադրանք իրականացնի, որպեսզի տապալի բանակցությունների ընթացքը:

Անի Ասլյան

Դիտվել է 410 անգամ
 


Այս թեմայով