Նողկալի էր ստորաքարշության, քծնանքի շքահանդեսը

Naira-Zohrabyan«Խորհրդարանական մեծամասնության և ՀՀ նախագահի սահմանադրական իրավունքն է կառավարության փոփոխության հարցը»,– Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՝ միաժամանակ հավելելով. «Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի հիմնավորում, թե ինչով էր պայմանավորված կառավարության հրաժարականը»: Անդրադառնալով ԲՀԿ-ի` ապագայում նոր կառավարության կազմում հանդես գալու-չգալու հեռանկարին, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Անկեղծ ասած` տրամաբանություն չեմ տեսնում մի քանի ամսվա համար նման ծրագրեր կազմել: Այս օրերին խոսում են ազգային համաձայնության կառավարության մասին. նման քննարկումներն ինձ համար ընկալելի ու հասկանալի չեն, մանավանդ, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս ժամանակ»: Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ  նաև քծնանքի այն շքահանդեսին, որ ծավալվում է Կարեն Կարապետյանի` վարչապետի թափուր պաշտոնին հավակնող թեկնածուի շուրջ. «Ինձ զարհուրեցրեց և ուղղակի նողկալի էր ստորաքարշության, լաքեյության, քծնանքի այն շքահանդեսը, որ Հանրապետական և ընդհանրապես տարբեր պատգամավորներ ու այլ գործիչներ ծավալեցին մամուլում առ վարչապետի նոր թեկնածու: Ես հիշեցի, որ նույն մարդիկ  նույն բառամթերքով, նույն ջանասիրությամբ քծնում էին Տիգրան Սարգսյանին,  Հովիկ Աբրահամյանին»,-հայտնեց ԲՀԿ ղեկավարը ՝ հավելելով, որ ժամանակին քծնանքի այնպիսի գոհարներ հնչեցին Հանրապետական տարբեր պատգամավորների և գործիչների կողմից առ Հովիկ Աբրահամյանը, որ Գինեսի ռեկորդների գիրքը կպայթեր ստորաքարշության և լաքեյության այդ դոզայիզ, սակայն, երեկվա դրությամբ իրավիճակը բավական փոխվեց. «Երեկ՝ դեռ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չներկայացրած, տարբեր ՀՀԿ-ական գործիչներ այնպիսի քծնանքով սկսեցին խոսել ապագա վարչապետի մասին, որ սրանից հետևությունը մեկն է՝ որպես պետություն և երկիր՝ մենք մի դեպքում կարող ենք հեռանկար ունենալ, երբ մեր պետական կառավարման համակարգում շարժիչ գործոնը ստորաքարշությունը, լաքեյությունը և քծնանքը չլինի»,- նշեց տիկին Զոհրաբյանը ՝ խորհուրդ տալով որոշ գործիչների  գնալ կրկնուսույցների մոտ քծնանք, ստորաքարշություն արտահայտող ածականների նոր համախումբ ամբարելու համար: «Միակ բանը, որ կհորդորեմ ապագա վարչապետին, չգիտեմ՝ նա ով է լինելու, առաջինը՝ դուռ չբացել այն մարդկանց առջև, ովքեր իրեն քծնանքի ներբողներ էին ձոնում՝ անկախ նրանից՝ նա ՀՀԿ-ակա՞ն է, «Բարգավա՞ճ» է, թե՞ որևէ այլ կուսակցությունից է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է 678 անգամ
 


Այս թեմայով