Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հստակեցնել, թե ինքնասպանություն կատարածներից քանիսն են թմրամիջոցի ազդեցության տակ գտնվել

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն առաջարկում են սահմանել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները։

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ գլխավոր զեկուցող՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ընդգծեց, որ կատարվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանել, թե որ չափաքանակն է վտանգավոր համարվում։

Հարցով հարակից զեկուցող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչպես է որոշվելու այն չափաքանակը, որը վտանգ է ներկայացնում 18 տարին լրացած անձանց համար, որոնց օրգանիզմը դեռ անսովոր է նման թմրանյութերի հանդեպ։

«Թմրանյութերի ներգործությունն այս դեպքում չափելը դժվար կլինի», — նշեց Ուրիխանյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ որպես բացթողում նկատեց, որ ինքնասպանություն կատարած անձանց պատշաճ փորձաքննություն չի կատարվում և չկա վիճակագրություն։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ինքնասպանություն կատարած անձանց արյան քննություն կատարել և հստակ վիճակագրություն կազմել, թե ինքնասպանություն գործածների քանի տոկոսի արյան մեջ է թմրանյութ պարունակվել։

 


Այս թեմայով