Նիկոլ Փաշինյանի առաջարկը Էդմոն Մարուքյանին. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ

arm146892416239Երեկ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ էր հանդես եկել և առաջարկել էր ընդդիմադիր կուսակցություններին Վանաձորում ինքնաբացարկ հայտարարել, քանի որ իր կուսակցության շանսերը մեծ են:

Այս հայտարարությանը  երեկ արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատասխանում եմ Էդմոն Մարուքյանի «աննախադեպ», բայց իրականում բազմաթիվ տխուր նախադեպեր ունեցող առաջարկին։ Ուզում եմ շեշտել նաև, որ ներկայացնում եմ ՔՊ պաշտոնական դիրքրոշումը։

Նախ, անհասկանալի է, թե ում նկատի ունի պարոն Մարուքյանը՝ ասելով «ընդդիմություն». ՕԵԿ-ի՞ն, Վարդան Օսկանյանի՞ն, ԲՀԿ-ի՞ն։ ՔՊ-ն երբեք չի միավորվել և չի միավորվելու հանցագործների և խաբեբաների հետ։

Երկրորդը՝ պարոն Մարուքյանը մյուս ուժերին առաջարկում է Վանաձորի ավագանու ընտրություններում ԼՀ-ի օգտին ինքնաբացարկ հայտնել՝ սա հիմնավորելով նրանով, որ իրենց «վերլուծությունները» ցույց են տալիս, որ հենց ԼՀ-ն ամենամեծ շանսերն ունի՝ հաղթելու ՀՀԿ-ին. այս դեպքում առնվազն անհասկանալի է, թե ինչու պարոն Մարուքյանը կուսակցություն ստեղծեց մեկ տարի առաջ, երբ ՔՊ-ն ուներ և ունի ամենամեծ շանսերը՝ համապետական մակարդակում մարտահրավեր նետելու ՀՀԿ-ին։ Արդյո՞ք սա ընդդիմության մասնատման փորձ չէ։

Կամ, նշանակու՞մ է սա արդյոք, որ, այս տրամաբանությամբ, ԼՀ-ն չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և կպաշտպանի ՔՊ-ին։

Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ՔՊ-ն ԼՀ-ին առաջարկում է.

1.Հայտարարել, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։

2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։

3.Վաղը ողջամիտ ժամկետում Ազգային Ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։

Վերոնշյալ պայմանների կատարման դեպքում ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ ԼՀ-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ ԼՀ-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման։

Հ.Գ. Եթե իմպիչմենտի նախագիծ գրելու ժամանակ չունեք, կարող ենք ձեզ փոխանցել 2014 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից գրված և ձեր կողմից չստորագրված իմպիչմենտի նախագիծը»։

Փաստորեն այսօր մինչեւ ժամը 18.00-ն կարող են տեղի ունենալ քաղաքական նոր զարգացումներ: Մենք կհետեւենք իրադարձություններին եւ կտեղեկացնենք ընթերցողին:

Դիտվել է 192 անգամ
 


Այս թեմայով