Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը վախենում Արմեն Սարգսյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խանդով վերաբերվել նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը։ Փաշինյանը տարված է Արմեն Սարգսյանին պետական հարցերից կտրելու գործով: Վարչապետն ու իր թիմը այնքան են հեռուն գնացել, որ անում են ամեն բան, որպեսզի նախագահը չմասնակցի անգամ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերին։

Այսօր առավոտյան ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր․«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին»։

Ակնհայտ է, որ վարչապետի աշխատակազմը դիտավորյալ է հնարավորիս ուշ հրավեր ուղարկել ՀՀ նախագահին, որպեսզի նա անգամ ցանկության դեպքում չկարողանա մասնակցել։

Այսօր արդեն շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ է Փաշինյանը վախենում Արմեն Սարգսյանից։ Ինչու՞ վարչապետը չի ցանկանում նախագահին մասնակից դարձնել պետական գործերին։ Չէ՞ որ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի, ու ինքը տեսել է ՀՀ նախագահ դառնալու համար անհրաժեշտ քաղաքացիության փաստաթուղթը։

Իրականում Փաշինյանը մտահոգվելու, եթե կուզեք ասել՝ վախենալու բոլորովին այլ պատճառներ ունի։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ ինքն ու իր թիմը չեն կարողանալու տնտեսությունը կարգի բերել, ինչը միանշանակ բերելու է նրա վարկանիշի կտրուկ անկման։ Այսօր արդեն նկատելի է վարչապետի վարկանեշի նվազում։

Փաշինյանի վարկանիշի նվազման հետ նվազելու է նաև հանուն իր վարչապետ դառնալու ընտրված Ազգային Ժողովի վարկանիշը։ Հասարակության համար թիրախավորվելու են բոլոր այն պաշտոնյաները, ովքեր կապված են Փաշինյանի հետ։ Այս ֆոնին շահեկան դիրքում կարող է հայտնվել նախագահ Արմեն Սարգսյանը, ով որևէ կերպ պարտական չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Չպետք է մոռանալ, որ Արմեն Սարգսյանը ունի նաև արտաքին աշխարհի հետ լայն կապեր, և սա ևս մեկ առավելություն է գործող վարչապետի նկատմամբ։ Այնպես որ, վստահորեն կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի նկատմամբ կառավարության որդեգրած քաղաքականությունը չի փոխվի, եթե իհարկե առավել չխորանա ստվերման քաղաքականությունը։

Այս թեմայով