Նիկոլ Փաշինյանը մեծ խնդրի առաջ է կանգնած․ դեկտեմբերին կայանալիք ընտրության ծանրությունը

Այն, որ դեկտեմբեր ամսին տեղի կունենա Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, այլևս քննարկման կարիք չունի։ Փաշինյանը կարողացավ ճնշել Ազգային Ժողովին և բոլոր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ աջակցում են Փաշինյանի օրակարգին։

Քաղաքական գործիչները, քաղաքագետները և տարատեսակ փորձագետները հայտարարում են, որ բացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժից, մնացած քաղաքական ուժերը պատրաստ չեն այս ընտրություններին ու «ժողովուրդն» ի վերջո վերջնական հաղթանակ կտանի։

Բայց իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ևս պատրաստ չէ դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Իհարկե սա չի նշանակում, որ Փաշինյանի ներկայացրած քաղաքական ուժը չի հաղթի, իհարկե կհաղթի ու կհաղթի բացարձակ։ Խնդիրն այն է, որ Փաշինյանին բացի կոճակ սեղմող անձանցի պետքն են պատգամավորներ, որոնք  կկարողանան օրենսդիր գործունեությամբ զբաղվել, խորհրդարանական դիվանագիտությամբ Հայաստանը կներկայացնեն միջազգային տարբեր կառույցներում։

Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ խնդիր ունի։ Նա իր թիմի ամբողջ ներուժով կարողացավ Երևանի ավագանու ցուցակ կազմել։ Անգամ Երևանի ավագանու կազմ ացնել են մարդիկ, որոնք արդեն խնդիրներ են ստեղծում Փաշինյանի համար։

Հիմա պատկերացրեք, որ իր այս թիմից Փաշինյանը պետք է նվազագույնը 66 պատգամավորներ առանձնացնի, 10 մարզպետ, քաղաքապետեր և 20-ից ավելի նախարարներ և այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Եվ եթե հաշվի առնենք այն, որ առաջիկա ընտրություններից հետո, երբ Փաշինյանը ԱԺ-ում կվերցնի բացարձակ մեծամասնություն, ապա անիմաստ կլինի խոսել կոալիցիայի մասին ու հետևաբար այս կադրերի մեծ մասը նա պետք է իր թիմից վերցնի։

Այնպես որ առաջիկա ընտրություններում մեծ խնդիր ունի նաև Փաշինյանը։ Նա նույնպես ժամանակ չունի կադրեր ընտրելու, վերադասավորումներ անելու, որպեսզի երկրի կառավարումը ամբողջապես չհայտնվի անփորձ երիտասարդների ձեռքին, որոնք ժամանակ են գտել ու քայլել են նրա հետ։

Այս թեմայով