Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Վալերի Օսիպյանին. այսօր անուններ կհրապարակվի

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած դեպքերին, երբ անհայտ անձանց հարձակումների հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել:

«Ես ակնկալում եմ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ պետք է նաև փոխհատուցում հատկացվի տուժածներին, պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել այդ դեպքերը:

Ն.Փաշինյանը նշեց, որ մի տարօրինակ վիճակագրության է հանդիպել, երբ քաղաքական շարժման պրոցեսում ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, տեսագրությունը համացանցում տարածված է, բայց պարզվում է, որ գործ է հարուցվել ու կարճվել:

Ըստ նրա` այս գործելակերպին պետք է վերջ տալ, որպեսզի արտոնյալ մարդկանց հանդիպելով, քրեական գործերը չկարճվեն:

Դիմելով ոստիկանապետին` վարչապետը նշեց, որ այդ պրակտիկային պետք է վերջ տալ, այդ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ գնում ենք այդ ճանապարհով.

«Այսօր այդպիսի հստակ ուղերձներ, ցավոք, դեռևս չկան»:

Ն.Փաշինյանը նշեց, որ կարճման որոշումը պետք է ստուգվի, որովհետև, ըստ մամուլի հրապարակումների, այն օրենքի հետ կապ չունի:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ մի քանի օր առաջ «Սիթիի» մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք հանդես էին գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:

Ն.Փաշինյանը նշեց, որ բռնության դեպքերը պետք է բացառվեն և բոլոր դեպքերը պետք է մինչև վերջ քննության արժանան. «Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն` տվյալ դեպքում դա բացարձակ կապ չունի` քաղաքական որ թիմից է, որ կուսակցությունից է»:

Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն և եթե այդ խնդիրը լուծվել է մթնոլորտի առումով, պետք է նաև գործնականում լուծվի այն:

Վարչապետը ոստիկանապետին հանձնարարեց շատ արագ լուծել խնդիրը:
Վալերի Օսիպյանը զեկուցեց, որ բոլոր գործերով ստուգումներ են իրականացվում, անձնանց ինքնությունը պարզելու համար կատարվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և առաջին անձանց անունները այսօր, ըստ ամենյանի, կհրապարակվեն:

Այս թեմայով