Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել Լևոն Զուրաբյանին

nՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, առաջարկելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ՀԱԿ խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց:

Նիկոլ Փաշինյանի դիմումում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ նշանակում են ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Ինչպես տեղյակ եք, «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Սասուն Միքայելյանը մտադիր է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք ընտրություններում:

Հաշվի առնելով, որ՝

«Հայ ազգային կոնգրեսը» ոչ թե կուսակցության, այլ կուսակցությունների դաշինքների կողմից ձեւավորված խմբակցություն է:

Անուրանալի է «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի 13-րդ համարը հանդիսացող Սասուն Միքայելյանի դերը «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ձևավորման գործում:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Լյուդիմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը կողմ են այդ որոշմանը:

Միջնորդում եմ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձեևավորվող թվով 28 ընտրատեղամասերում (25-րդ ընտրատարածք) «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար անհրաժեշտ որակավորում եւ դա հավաստող վկայականներ»:

Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այս առնչությամբ լրագրողներին հայտնել է, որ նամակը ստացել է:

 


Այս թեմայով