Նարեկ Սամսոնյանի պնդումներն ու մեղադրանքներն անհիմն և զրպարտիչ են (Video)

Նարեկ Սամսոնյանի պնդումներին ու մեղադրանքներն անհիմն և զրպարտիչ ենՀիմնադիր Խորհրդարանի դեմ զրպարտության քարոզարշավ է սկսվել. ՀԽ Քարտուղարության հայտարարությունը:

Այն ուժերը, որոնք ս.թ. հունիսի 28-ի կեսօրին ամեն գնով փորձում էին ժողովրդին իր կամքին հակառակ Բաղրամյան պողոտայից տանել Ազատության հրապարակ, նույն օրվանից համակարգված կերպով Հիմնադիր խորհրդարանի դեմ զրպարտության քարոզարշավ են սկսել:

Այդ քարոզարշավի առաջին դրսևորումներին հարկ չհամարեցինք պաշտոնապես անդրադառնալ, սակայն երևույթը չի դադարում և արհեստականորեն թեժացվում է, ինչի մեջ կամա թե ակամա ներքաշվում են նաև ծանրակշիռ հասարակական համարում ունեցող լրատվամիջոցներ:

Մասնավորապես, 1-ին լրատվականի Անտինոմիա հաղորդաշարի ս.թ. հուլիսի 10-ի հաղորդման հյուրերից մեկը՝ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը, հանիրավի մեղադրանքներ է հնչեցրել Հիմնադիր խորհրդարանի և Ժիրայր Սէֆիլյանի հասցեին:

Նա, մասնավորապես, պնդել է, որ Ժիրայր Սէֆիլյանը որպես արթուրբաղադասարյանական է բնութագրել հունիսի 28-ին Մարշալ Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ գնացածներին: Մինչդեռ Ժիրայր Սէֆիլյանը նման խոսք չի ասել: Նա վերջին անգամ մամուլի հետ շփվել է նույն օրը կեսօրին, երբ Մարշալ Բաղրամյան պողոտայում դիտարկվող իրադարձությունները դեռևս չէին ծավալվել:

Բացի այդ՝ Նարեկ Սամսոնյանը 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում ոստիկանության և խաժամուժի կողմից Հիմնադիր խորհրդարանի անդամներին և աջակիցներին, այդ թվում՝ կանանց ու երեխաներին, զանգվածաբար դաժան ծեծի ենթարկելու և նրանց գույքը վնասելու գործողությունը, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի և նրա աջակիցների կողմից իրենց սահմանադրական իրավունքների իրացումը և դրա միջոցով Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվանից ռեժիմին հեռացնելու գործընթացի մեկնարկման փորձը, որի համար Հիմնադիր խորհրդարանի հինգ ներկայացուցիչներ անհիմն կերպով ազատազրկվել են մեկ ամիս ժամկետով և մինչ օրս քաղաքական հալածանքի են ենթարկվում, գնահատել է որպես Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած պրովոկացիաներ:

Դիտարկվող հաղորդման մեջ Հիմնադիր խորհրդարանի և անձամբ Ժիրայր Սէֆիլյանի հասցեին Նարեկ Սամսոնյանի կողմից հնչեցրած պնդումներն ու գնահատականները չեն կարող մոլորության հետևանք լինել: Նույն հաղորդման ընթացքում, երբ հաղորդման մյուս մասնակից Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի շարժման հիմքի վրա կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ստեղծելու առաջարկն արել է ոչ թե Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը, ինչպես պնդում էր Նարեկ Սամսոնյանը, այլ Հիմնադիր խորհրդարանի հետ կապ չունեցող անձը, Նարեկ Սամսոնյանը, այնուամենայնիվ, չհրաժարվեց Հիմնադիր խորհրդարանի հասցեին հնչեցրած իր կոնկրետ մեղադրանքներից, որոնք պայմանավորված էին այդ առաջարկությունը Հիմնադիր խորհրդարանին վերագրելու հանգամանքով:

Ավելին՝ նա առանց իր խոսքի թափն ու տոնայնությունը փոխելու, սկսեց մասամբ պաշտպանել այդ նույն տեսակետը, որը երկու րոպե առաջ որպես մեղադրանք վերագրում էր Հիմնադիր խորհրդարանին:

Թերևս կարիք չկա ավելի մանրամասն պարզաբանալու Նարեկ Սամսոնյանի պնդումների և մեղադրանքների անհիմն և զրպարտչական լինելու հանգամանքը: Կարիք չկա նաև հիմնավորելու, որ այս հաղորդմանը մասնակցելու նրա նպատակն իրականում Հիմնադիր խորհրդարանի և Ժիրայր Սէֆիլյանի հասցեին նախապես պատրաստված զրպարտությունը հնչեցնելն էր:

Մեզ համար ակնհայտ են նաև Հիմնադիր խորհրդարանի դեմ զրպարտության քարոզարշավ կազմակերպած ուժերի և նրանց պատվիրատուների հասցեները:

Ակնհայտ է նաև, որ նման վարքագիծը որևէ առնչություն չի կարող ունենալ քաղաքացիական գիտակցության հետ, թեև նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը կրում է այդպիսի անվանում:

Ընդամենը ճիշտ կլինի համաձայնել Նարեկ Սամսոնյանի խոսքի եզրափակիչ հատվածում հնչած գնահատականների և որակումների հետ, որ եթե որևէ մեկը վիրավորում և պիտակավորում է դիմացինին, ուրեմն իշխանության ջրաղացին առաջին ջուր լցնողը և առաջին սադրիչն է:

Դիտվել է 456 անգամ
 


Այս թեմայով