ՆԱՏՕ-ի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասում

unnamedԽորհրդային Միության փլուզումից հետո ողջ հետկոմունիստական տարածքում անվտանգության մեծագույն վակուում առաջացավ: Եթե առաջին մոտարկմամբ նախկին խորհրդային երկրներից շատերն ստիպված էին ընդունել անվտանգության նոր համակարգերի փնտրտուքի ժամանակ Ռուսաստանի առաջարկած տարբեր ֆորմատները, առաջին հերթին ՝ ԱՊՀ-ի ռազմա-քաղաքական բլոկը, ապա Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների համար այն կտրուկ անընդունելի էր: Առաջին  հերթին հենց այս երկրները հայտարարեցին ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի տակ մտնելու իրենց ձգտման մասին: ՆԱՏՕ-ն սկսեց աստիճանաբար ընդլայնվել դեպի արևելք` գործընկերության տարբեր ձևաչափեր առաջարկելով նաև ողջ հետխորհդային տարածքին, այդ թվում՝ Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիայի երկրներին, անգամ՝ Ռուսաստանին:

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱՏՕԻՆ

Անգամ Խորհրդային տարիներին Հարավային Կովկասը հանդիսանում էր այն միակ գոտին, որտեղ ՆԱՏՕ-ն առանց բուֆերային երկրների ուղիղ շփում ուներ ԽՍՀՄ-ի հետ (չհաշված Սառուցյալ օվկիանոսի մոտ մի նեղ գոտի Նորվեգիայի հետ): Այս տարածքը միշտ հանդիսացել է ՆԱՏՕ-ի առանձին ուշադրության առարկա: Բավարար է միայն հիշել Թուրքիայում տեղակայված հրթիռների նշանակությունը Սառը պատերազմի թերևս ամենապայթյունավտանգ իրադարձության՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Բնական է, որ Սառը պատերազմի ավարտից հետո էլ Հարավային Կովկասը չի կորցրել իր նշանակությունը Հյուսիս-Ատլանտյան անվտանգության համակարգի համար, և այստեղ հայտնվել են մի շարք նոր գործոններ:

  • Հետխորհրդային տարածքը ՆԱՏՕ-ն ցանկանում է տեսնել որպես կայունության գոտի, ինչը Հարավային Կովկասի դեպքում ռուսական զորքերի առկայության և ղարաբաղյան, աբխազական ու հարավօսեթական կոնֆլիկտների պայմաններում խիստ պրոբլեմատիկ է: Ճիշտ է` ՆԱՏՕ-ն երբեք էլ փորձ չի արել այս հակամարտություններում ռազմական միջամտություն ցուցաբերել, սակայն այս կապակցությամբ բազմիցս հանդես է եկել հայտարարություններով և քաղաքական քայլերով: Այս գործոնները կարևոր նշանակություն ունեն Եվրո-Ատլանտյան անվտանգության` պատասխանատու մարմնի ուշադրության կենտրոնում լինելու համար:

  • Հարավային Կովկասն անմիջական հարևանությամբ էր այն տարածքների հետ, որոնց հետ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ունեին ռազմաքաղաքական շահեր: Խոսքն առաջին հերթին վերաբերում է իրաքյան և աֆղանական պատերազմներին: Բավական է հիշել, որ ՆԱՏՕ-Պակիստան հարաբերությունների սրման գագաթնակետին Աֆղանստան առաքվող ոչ ռազմական բեռների 1/3-ը մատակարարվում էր Փոթի-Բաքու միջանցքով:

  • Խորհրդային Միության փլուզումից հետո Սև ծովը ռուսական փակ լճից բաց ջրերի վերածելու հնարավորություն առաջացավ: Հարավային Կովկասը, որպես Սև ծովի անմիջական սահմանակից երկիր, այս առումով նույնպես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում: Այս խնդիրը լուծելու համար ՆԱՏՕ-ն արդիականացրեց և ակտիվացրեց իր անդամ սևծովյան երկրների՝  Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ռազմա-ծովային ուժերը, Սև ծովում անցկացվեցին բազմաթիվ զորավարժություններ, որտեղ ընդգրկվեցին նաև ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի ռազմա-ծովային նավատորմները:

  • ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն ընկալում է այնպիսի տարածաշրջան, որտեղ կարող են ծագել և տարածվել միջազգային այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք ահաբեկչությունը և զանգավածային ոչնչացման զենքերն են: Այս խնդիրներին դիմագրավելու համար ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում միջազգային համագործակցությունը:

  • Հարավային Կովկասը տիրապետում է նշանակալի ծավալով նավթի և գազի պաշարների, այստեղով են անցնում նաև կարևոր խողովակաշարեր: Տարածաշրջանը ՆԱՏՕ-ական երկրների համար կարևոր նշանակություն ունի և որպես ածխաջրածիններ մատակարարող, և որպես մատակարարումները դիվերսիֆիկացնող գոտի:

  • Կարևորագույն խնդիր է նաև Հարավային Կովկասին սահմանակից այնպիսի երկիրը, ինչպիսին Իրանն է:  Վերջինս համարվել է խնդրահարույց երկիր Արևմուտքի համար, ուստի Արևմուտքը մեծ ցանկություն ուներ իր ներկայությունն ունենալ Իրանի անմիջական սահմանին: Իրանի արևելքում՝ Աֆղանստանում, ՆԱՏՕ-ն ունի լուրջ ռազմական ներկայություն: ՆԱՏՕ-ական երկրների զորքերը կենտրոնացված են նաև Իրանի արևմուտքում՝ Իրաքում, իսկ հարավում՝ Պարսից ծոցում, տեղակայված է ԱՄՆ-ի 5-րդ ռազմածովային նավատորմը: Հյուսիսը, մասնավորապես, Հարավային Կովկասը, մնում է Իրանի միակ սահմանը, որտեղ ՆԱՏՕ-ական զորքերը ներկայացված չեն:

  • Վերջապես, ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասը կարևորվել է այնտեղ Ռուսաստանի հզոր ներկայության ու հարավկովկասյան երեք հանրապետություններում տեղակայված ռուսական զորախմբերի պատճառով. Հայաստանում` Գյումրի քաղաքում տեղակայված է 102-րդ ռազմական բազան և Երևանի քաղաքի Էրեբունի օդանավակայանում` 3624-րդ ռազմա-օդային բազան: Մինչև 2007թ. Ախալքալաքում էր գտնվում ռուսական 62-րդ բազան, Բաթումիի մոտ՝ 12-րդ ռազմական բազան, իսկ Վազիանիում` 283-րդ ավիացիոն դիվիզիան: Այժմ Վրաստանի տարածքում` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում են գտնվում ռուսական «խաղաղապահ» զորքերը: Մինչև 2012թ. Ադրբեջանի Գաբալայի շրջանում գործում էր ռուսական ռադիոլոկացիոն կայանը: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի վրա են գտնվում ռուսական սահմանապահները: Բացի ռազմական լուրջ ներկայությունից Մոսկվան շատ մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասի երկրների քաղաքական վերնախավերի վրա: Վերջիններս որոշումներ ընդունելիս միշտ հաշվի են առնում կրեմլյան ղեկավարության կարծիքը: Բնական է, որ ՆԱՏՕ-ն ցանկություն ուներ այս տարածաշրջանում հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը և իր վերահսկողության տակ պահել նրա հարավային դարպասները:

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում իր գործողություններն առավել ակտիվացրեց սկսած 2004թ.-ից: Դրա պատճառն ինչպես Վրաստանի «Վարդերի հեղափոխություն»-ն էր, որը ՆԱՏՕ-ի ավելի մեծ պահանջ ստեղծեց տարածաշրջանում, այնպես էլ այն, որ, ըստ էության, Եվրոպայում ՆԱՏՕ-ն հիմնականում ավարտեց ընդլայնման գործընթացը և արդեն ուներ այս տարածաշրջանին առավել ուշադիր հետևելու թե′ ժամանակ, թե’ ռեսուրսներ, թե′ քաղաքական հնարավորություններ:

2004թ. ամռանը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշնակիցները որոշում ընդունեցին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ընդլայնել իրենց ներկայությունը և ստեղծվեցին կարևոր պաշտոններ` ՆԱՏՕ-ի Հատուկ ներկայացուցիչ և  ՆԱՏՕ-ի 2 կապավոր  պաշտոնյա (մեկական պաշտոնյա յուրաքանչյուր տարածաշրջանի համար): ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հիմնական պատասխանատվությունն այս երկու տարածաշրջանների նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականության համակարգումն էր, Գլխավոր քարտուղարին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը և տարածաշրջանների երկրների ղեկավարների հետ աշխատանքը՝ Դաշինքի հետ նրանց համագործակցությունը բարելավելու նպատակով:

ՆԱՏՕ-Ի  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Անդրադառնանք Հարավային Կովկասի երեք երկրների հարաբերություններին` ՆԱՏՕ-ի հետ այդ երկրների սպառնալիքների ընկալման և համապատասխան անվտանգության մեխանիզմների ստեղծման համատեքստում:

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը տարածաշրջանի երկրներից հստակորեն առանձնանում է առավել պատվախնդիր քաղաքականությամբ, որի նպատակը  ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունն է: ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը Վրաստանը հստակորեն ընկալում է որպես Ռուսաստանին հավասարակշռելու միջոց:

Ռուսաստանի հետ Վրաստանի խնդիրներն անմիջապես հաջորդեցին Խորհրդային Միության փլուզմանը` կապված Աբխազիայի և Հարավային  Օսեթիայի անջատողական ձգտումների հետ, ընդ որում` այս տարածաշրջաններին Ռուսաստանն անսքող օժանդակում էր և’ քաղաքականապես, և′ ռազմականորեն:

Որպես սեփական տարածքային ամբողջականության պահպանման ուղի` Վրաստանն արդարացիորեն փնտրում էր այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն կտար պաշտպանվել Ռուսաստանից: Վերջինս ընկալվում էր որպես անմիջական սպառնալիք երկրի անվտանգությանը, ուստի Վրաստանը ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն միշտ էլ դիտարկել է որպես Ռուսատանին զսպող միջոց:

Հետխորհրդային ժամանակաշրջանում Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության օգտին միշտ եղել են բարձրաձայնումներ, ինչն առավել իրատեսական դարձավ 2003թ. «Վարդերի հեղափոխություն»-ից հետո: 2008 թ. հունվարին Վրաստանում անցկացված հանրաքվեի ժամանակ մասնակիցների 77%-ը քվեարկեց ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի անդամակցության օգտին:

2008թ. ռուս-վրացական պատերազմն առավել ակնհայտ դարձրեց Վրաստանի խոցելիությունը Ռուսաստանից և ՆԱՏՕ-ական անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Թեև պատերազմի ժամանակ Վրաստանին ՆԱՏՕ-ական օժանդակությունը սահմանափակվեց քաղաքական տեսանկյունով, սակայն նույն տարում Բուխարեստի գագաթաժողովում դաշինքի անդամ-երկրները հայտարարեցին Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու հնարավորության մասին: 2011թ. Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը Վրաստանին հռչակեց «հայցվոր (ասպիրանտ) երկիր»:

 Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մեծ ձգտմանը և դաշինքի կողմից առաջադրվող բազմաթիվ ձևաչափերին` դեռևս Վրաստանի անդամակցությունը մնում է մեծ հարցականի տակ: ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի բարկությունից և կոշտ հակազդեցությունից խուսափելը դեռևս ավելի կարևոր է, քան Վրաստանի նկատմամբ  «5-րդ հոդվածը» տարածելը:

Ռուսաստանը կարևորագույն խնդիր է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնման խափանումը: Դրա վառ ապացույցը 2011թ. նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթն է, երբ նա հայտարարեց, որ 2008թ. ռուսական ներխուժումը Վրաստան կասեցրեց ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը նախկին խորհրդային տարածք:

Սահակաշվիլու դարաշրջանից հետո  չնայած ներկայիս իշխանության ռուսամոլության մասին հնչող մեղադրանքներին` Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ էապես չի փոխվել: 2013թ. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ից Անդամության գործողությունների պլան (MAP) ստանալը հայտարարեց որպես 2014թ. նպատակ: Սակայն ՆԱՏՕ-ն առավել սերտ համագործակցությունից և լայնածավալ ռազմական օգնությունից բացի ոչինչ չի խոստանում:

ԱԴՐԲԵՋԱՆ

Շատ մեկնաբաններ և քաղաքական գործիչներ երբեմն կարծիք են հայտնում, որ Հարավային Կովկասի երկրներից ՆԱՏՕ-ին միանալու ամենալուրջ շանսերն ուներ Ադրբեջանը, քանի որ նրա տարածքում չկան ռուսական զորքեր, այն միացած չէ ՀԱՊԿ ռուսական անվտանգության համակարգին, և, որ ամենագլխավորն է, վերջինիս նավթը ՆԱՏՕ-ական երկրների համար ունի մեծ կարևորություն[1]:

Ադրբեջանի վերաբերմունքը Դաշիքին միանալու հարցում խիստ երկբայական է, իսկ պաշտոնյաների հայտարարություններն այդ կապակցությամբ՝ հակասական: Օրինակ, 2007թ. նոյեմբերի 20-ին Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարեց, որ Ադրբեջանը պլանավորում է միանալ ՆԱՏՕ-ին, իսկ մեկ շաբաթ անց` նոյեմբերի 27-ին, Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարեց հակառակը` Ադրբեջանը Դաշիքին միանալու նպատակ չունի:

Քանի որ Ադրբեջանի անվտանգության հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցն է, ապա նրա անվտանգության համակարգերի ստեղծման, այդ թվում նաև՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցը պայմանավորված է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքով: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՆԱՏՕ-ի և նրա ակտիվ անդամ Թուրքիայի հետ ռազմավարական և ռազմա-քաղաքական համագործակցությունը, սակայն ՆԱՏՕ-ից իր ակնկալիքներին համապատասխան պատասխան չստանալով` հետ է քաշվում:

Հեյդար Ալիևը (1993-2003թթ.) վարում էր այնպիսի քաղաքականություն, որով երկրի անվտանգությունը փորձում էր կառուցել` հավասարակշռելով Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերությունները: Այս քաղաքականությամբ նա սկսեց փարատել իր նախորդ Աբուլֆազ Էլչիբեյի (1992-93թթ.) վարած միակողմանի պրոթուրքական  քաղաքականության ժամանակ ծագած պրոբլեմները: Հեյդար Ալիևը, ստրատեգիական նշանակություն տալով Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական համագործակցությանը, փորձ էր անում ՆԱՏՕ-ն օգտագործել որպես նման համագործակցության փոխլրացնող ուղղղություն: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգանում էին բնականոն ուղիով, Հարավային Կովկասի համար Բրյուսելի կողմից նախանշված գործողություններով և ժամկետներով:

Իլհամ Ալիևի (2003թ.-ցայսօր) օրոք մեծ թափ տրվեց ազգայնականությանը և դրա հետ կապված նշանակալիորեն իջեցվեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտները: Այս հանգամանքը նշանակալի խնդիրներ հարուցեցին Ադրբեջան—ՆԱՏՕ հարաբերություններում:

Վերջին տարիներին Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում Բաքվի կողմից մարդու իրավունքների պաշտպանության նորմերի և համագործակցության տարրական կանոնների խախտումներով պայմանավորված արձանագրվել են լուրջ ճգնաժամեր:

2004թ. սեպտեմբերին ՆԱՏՕ-ի` Եվրոպայում Միացյալ ուժերի գերագույն հրամանատար գեներալ Ջեյմս Ջոնսը չեղյալ հայտարարեց Ադրբեջանում նախատեսված զորավարժությունները, որին պետք է մասնակցեր շուրջ 1000 զինվորական տարբեր երկրներից: Պատճառն այն էր, որ Բաքուն մերժեց այդ զորավարժություններում հայ զինվորականների մասնակցության հնարավորությունը[2]:

2012թ. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խորը մտահոգություն հայտնեց ՆԱՏՕ-ի ուսումնական վարժանքների ժամանակ իր հայ գործընկերոջն սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և բանտից ազատելու Բաքվի որոշման վերաբերյալ` հայտարարելով, որ այն իր ազդեցությունը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու կարգավորման խաղաղ գործընթացի վրա[3]:

2014թ. նոյեմբերին զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռի կործանման վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը[4]:

Ներկայումս նույնպես բազմաթիվ են մեղադրանքները Ադրբեջանի` որպես մարդու իրավունքները խախտող երկրի նկատմամբ: Վերջինս հանդիսանում է նաև դեպի Եվրոպա նարկոթրաֆիքինգի հիմնական ուղիներից մեկը[5]:

Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն

 «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր (NED),

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


 

Դիտվել է 55 անգամ
 


Այս թեմայով