«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է «սարսափելի հակամարտություն» հրահրել». Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Դա կարող է սարսափելի հակամարտություն հրահրել, անհասկանալի է՝ ինչու է դա պետք»,- ասել է նա «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր է տրվել օգոստոսի 6-ին: Վարչապետը նաեւ նշել է, որ 2008 թվականին Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաեւ Ռուսաստանը, կարելի էր կանխել:

«Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ընգծել է Մեդվեդեւը: Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել է, որ կազմակերպությունը մտադիր է Վրաստանին ընդունել դաշինք՝ չճշտելով, թե հատկապես երբ դա կարող է տեղի ունենալ: ՆԱՏՕ-ի՝ տասը տարի առաջ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշինքի պետությունների ղեկավարները խոստացան, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարում էր, որ Ռուսաստանը «խիստ բացասաբար» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, նրա կազմում Վրաստանի եւ Ուկրաինայի ներգրավմանը:

Այս թեմայով