Նախարարը չի՞ ենթարկվում վարչապետին. ինչ է կատարվում կառավարությունում

Politik.am-ը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակի մասին:  Մենք նկատել էիքն, որ այս կազմակերպության հետ կապված խնդիրները սկսեցին նոր տրանսպորտի նախարարի և տրանսպորտի պետական տեսչության պետի նշանակմամբ:

Նախ` կազմակերպությունը սկսեց ստանալ միլիոնավոր դրամների հասնող տույժեր։ Ինչը կազմակերպությունը բողոքարկեց հայտնի իրավաբանական գրասենյակներից մեկի միջոցով։ Բողոքարկման արդյունքում հարուցվեց վարույթ, բայց որևէ պատասխան չեղավ` ո´չ դրական, ոչ´ բացասկան։

Ապա կազմակերպության կողմից սպասարկվող երթուղիներում ներդրվեցին կազմակերպությանը չպատկանող, սույն նախարարության որոշ միջին մակարդակի պաշտոնյաների պատկանող, այսպես կոչված, «սպիտակ» և «դեղին» պետհամարանիշներով մեքենաներ։ Սրա վերաբերյալ բոլոր դիմումները ևս մնացին նախարարության կողմից անպատասխան:

Ապա Արմավիրի ավտոկայանում կայանող կազմակերպության վարորդներին սկսեցին ոստիկանության միջոցով հարկադրաբար հանել իրենց կայանման մշտական վայրից։

Օրերս այս կազմակերպության հետ կապված խնդիրների վերաբերյալ ծավալուն հրապարակմամբ էր հանդես եկել «Հայկական Ժամանակ» էլէկտրոնային պարբերականը, որը հետաքրքիր մանրամասներ էր բացահայտել:

«Հայկական Ժամանակ» իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալներից պարզեց, որ «Ալ տրանս» ընկերությունը, որն իրականացնում է Երեւան-Մյասնիկյան երթուղու սպասարկումը, 2014 թվականին հիմնադրել է Հարություն Պետրոսյանը: Ընկերության գրանցման օրը սեպտեմբերի 16-ն է: «Ալ տրանս»-ը գրանցված է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, որտեղ էլ բնակվում է Հարություն Պետրոսյանը: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց նրան, իսկ բաժնեմասի գինը 20 հազար դրամ է, կանոնադրական կապիտալը՝ 20 հազար դրամ: «Ալ տրանս»-ի տնօրենը նույն հիմնադիրն է: Ի դեպ, վերջինս այս ընկերությունը հիմնադրել է նույն այն ժամանակահատվածում, երբ սեփական դիմումի համաձայն ազատվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից: Այսինքն՝ դուրս է եկել մեկ այլ ընկերությունից, ստեղծել է իր ընկերությունը եւ մրցակցության մեջ է մտել նախկին գործատուի հետ: Հարություն Պետրոսյանն այժմ զբաղեցնում է Հարավային ավտոկայան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը: Այս ՓԲԸ-ն էլ ստեղծված է պետության կողմից: Հարություն Պետրոսյանը ստացվում է, որ և գծատեր է, և ավտոկայանի փոխտնօրենը եւ, բնականաբար, այստեղ չի կարող շահերի բախում չլինել:

Հաջորդ ընկերությունը, որը այսպես ասած խցկվել է Երեւան-Արմավիրի երթուղու արանքում, դա «Ռամ-Ակա» ՍՊԸ-ն է, որը հիմնադրել են երեք հոգի՝ Արթուր Ջեյրանյանը, Կորյուն Սմբատյանը եւ Ռազմիկ Մխիթարյանը: Վերջինիս ընկերության տնօրենն է եղել 2005 թվականից: Արթուր Ջեյրանյանը հանդիսանում է Ավտոկայան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը: «Ռամ-Ակա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 2005 թվականին կազմել է շուրջ 250 միլիոն դրամ, որը հետագայում նվազեցվել է եւ 2011 թվականին հասցվել է 50 հազար դրամի:

«Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն էլ հիմնադրվել է 2005 թվականին Ռազմիկ Սարգսյանի կողմից, որի մասնակցությունը հետագայում դադարեցվել է: Ուշագրավ է, որ այս նույն ընկերությունն է իրականացնում նաեւ մայրաքաղաքի թիվ 63 համարի երթուղու սպասարկումը

Փաստորեն հաստատվեց մեր կողմից հրապարակված այն տեղեկատվություն, որ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի դեմ կազմակերպված արշավի հետևում կանգնած են պետական պաշտոնայներ:

Հիմա եթե այս փաստարկված հրապարակումներից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը չկարողանա կարգի հրավիրել իր ենթակայության տակ գտնվող նախարարությանը և նրա աշխատակիցներին՝ նշանակում է նա կամ չի վերհասկում իրավիճակը, կամ հովանավորում է այս անօրինականությունը:

Վստահ լինելով, որ նշված պաշտոնայների գործունեության արդյուքնում կլինեն այլ տուժած գործարարներ, Politik.am-ը առաջարկում է խնդիր ունեցած կամ ունեցող գործարարներին կապվել մեզ հետ. Հեռ. 098 487 637:

 


Այս թեմայով