Նախարարը մարզպետներին հիշեցրել է բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հորդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ մարզպետների հետ խորհրդակցությանը մասնակցելու հնարավորության համար և նշել, որ արդեն ավանդական դարձած հանդիպումների նման ձևաչափը մեծապես նպաստում է առողջապահական մարզային կառույցների հետ աշխատանքի որակական բարելավմանը: Նախարար Արսեն Թորոսյանը մարզպետներին նաև խնդրել է մարզային առողջապահական բուժհաստատություններին հանձնարարել առավել ակտիվ և ուղիղ համագործակցել ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ կազմակերպության հնարավորություններն առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի վարձակալությամբ տրամադրման և վարձակալական վճարների հավաքագրման գործընթացին, ինչպես նաև մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Դիլիջան համայնքում սույն թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական փառատոնի անցկացմանն ու սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին։ Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել մարզերում կարկտահարության հետևանքով գյուղացիներին պատճառված վնասի գույքագրման ընթացքի վերաբերյալ և կոչ արել ակտիվացնել նրանց համար աջակցության մեխանիզմներ գտնելու աշխատանքները։ Նախարարը նաև մարզպետներին հանձնարարել է անհրաժեշտ վարչական և տեխնիկական միջոցառումներ ձեռնարկել գալիք «Մաքուր Հայաստան» և «Մաքուր մոլորակ» համապետական շաբաթօրյակներին պատշաճ ներկայանալու և մասնակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ տանել անկախության տոնին նվիրված միջոցառումներն ըստ արժանվույն կազմակերպելու ուղղությամբ։

Այս թեմայով