Նախարարը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության և Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարն ընդգծեց, որ երկու ծրագրերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, և նախարարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակապես բարձր մակարդակով և նախանշված ժամկետների շրջանակներում։
Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին։ Նշվեց, որ աշխատանքներն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում, որն էլ աշխատանքներում զգալի առաջընթաց կգրանցի:
Ներկայացվեցին նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներ։
Կասիմ Սյուրկանին նշեց, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև երկարամյա, ընդգրկուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն է հաստատվել: Նա ընդգծեց, որ  ցանկություն ունեն առաջիկայում այն ավելի խորացնելու և քննարկելու համագործակցության նոր ուղղությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս թեմայով