Նախագիծն առաջարկում է նոր մոտեցումներ, նոր լուծումներ

մուկուչյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծին, մասնավորապես լրատվամիջոցների և դիտորդների թվի սահմանափակմանը:

Նա նշեց, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել է այդ հարցը:

«Ընտրությունների ժամանակ իրականում լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից»,-ասաց նա:

Նա նշեց, որ դա դեռ առաջարկություն է քննարկման համար, և այն նպատակով է արված, որ տեղամասային կենտրոններում հնարավորություն տրվի և՛ ԶԼՄ ներկայացուցիչներին, և՛ դիտորդներին իրացնելու իրենց իրավունքը և միաժամանակ դա չխաթարի քվեարկության կազմակերպման բնականոն ընթացքը:

«Մենք համապետական ընտրությունների ժամանակ ունեցել ենք տեղամասեր, որտեղ միաժամանակ ներկա են գտնվել 57 դիտորդ և ԶԼՄ ներկայացուցիչ միասին վերցրած, և եթե վերցնենք նաև վստահված անձանց քանակը, հանձնաժողովի անդամների թիվը  և ընտրության մասնակիցների թիվը, ապա ըստ էության տեղամասային կենտրոնում միաժամանակյա ներկայությունը հարյուրից ավելի անձանց  ինքնին արդեն որևէ կերպ չէր կարող նպաստել նույն դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների համար իրենց գործունեության լիարժեք իրականացմանը»,-ասաց նա և նշեց, որ գուցե առաջարկությունը ամբողջական լուծում չի առաջակում, բայց  բարձրացնում է խնդիր:

«Ես չեմ կարծում սա վատ նախագիծ է, ցանկացած պարագայում յուրաքանչյուր նախագիծ, երբ մշակվում է, բնականաբար հաշվի է առնում նախկին պրակտիկայում առկա խնդիրները»,-ասաց նա և նշեց, որ քննարկման փուլը հենց այն փուլն է, որի ընթացքում պետք է ներկայացվեն առաջարկություններ:

«Նախագիծն առաջարկում է նոր մոտեցումներ, նոր լուծումներ՝ կապված քվեարկության կազմակերպման հետ, կապված գործընթացի կազմակերպման հետ»,-ասաց նա և նշեց, որ  հանձնաժողովի կողմից ևս այդ ամենը ուսումնասիրվում է,  եթե ինչ-ինչ դրույթների վրա լինեն առաջարկություններ, նրանք հնարավորություն կունենան ներկայացնելու:

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով