Նախագահը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խոսել է ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվող վիզաների ազատականացման գործընթացի մասին։ Անդրադառնալով Արտակ Ալեքսանյանի հարցին`կա՞ արդյոք որոշակի ժամկետ`վիզների ազատականացումն իրականության մեջ տեսնելու մասով, Նախագահը նշել է.

«Ուզում եմ, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ նոր համաձայնագիրն առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացումը, կամ, ինչպես դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումը, այլ գործընթաց է:

Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայնագիր` չի նշանակում, որ ինքնին սկսվեց վիզաների կամ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը:

Այո՛, գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երևի թե անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա, միգուցե, առաջին կեսին կամ մինչ այդ, թեև անշնորհակալ գործ է երկրով մեկ հայտարարություն անել որևէ ժամկետի մասին, բայց, կարծում եմ, այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այստեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»:

Այս թեմայով