Նաիրի և Կարեն Հունանյանները ևս կարող են ազատ արձակվել

Մի քանի օր է՝ Հայաստանի հասարակությունը քննարկում է մարդասպանության համար ցմահ ազատազրկման դադապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման հարցը։ Իհարկե, տարօրինակ է, որ հասարակությունն է մասերի բաժանվել և քննարկում՝ ազատ արձակե՞լ նրան, թե՞ ոչ։ Իրավական պետությունում այդ քննարկումը այսքան բուռն չէր լինի, և եթե լիներ էլ, այն որևէ կերպ չէր ազդի դատական իշխանության որոշումների վրա։

Մհեր Ենոքյանն էլ, կարծես, լավ է հասկացել, թե Հայաստանում վերջին մի քանի ամիսներին ինչպիսի իրավիճակ է ստեղծվել, և ոչ թե փորձում է նորից անցնել դատարանով և ապացուցել իր անմեղությունը, քանի որ հենց ինքն է հայտարարում, որ սպանություն չի իրագործել և իրեն սխալ են դատապարտել, այլ փորձում է ներման արժանանալ՝ ազդելով հասարակության հուզական հատվածի վրա։

Ենոքյանի հնարավոր ազատ արձակումը իրապես բարկացրել է շատերին, և, իհարկե, առաջին հերթին նրա զոհի՝ Իոսիֆ Աղաջանովի հարազատներին։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ պնդում, որ Ենոքյանն անմեղ է, երբ ծանոթ չեն դատական գործին, ու այս պահին չկա նրան արդարացնող դատական վճիռ, և դեռևս օրինական ուժի մեջ գտնվող դատական վճռի համաձայն հենց նա է պլանավորել և սառնասրտորեն իրականացրել սպանությունը՝ երիտասարդին մորթելու միջոցով։

Այս միջադեպը մեկ այլ հարցի քննարկման առիթ էլ հանդիսացավ։ Ոմանց հետաքրքրեց, թե ինչու՞ իշխանությունները չեն քննում Նաիրի և Կարեն Հունանյանների ազատ արձակման հարցը։ Չէ՞ որ նրանք էլ ցմահ են դատապարտված, նրանք էլ չեն ընդունում իրենց մեղքը և նրանք էլ սառնասրտորեն  սպանություն են իրականացրել։

Եվ եթե Ենոքյանն առանց նոր դատաքննության և հիմնավոր ապացուցյների ներման արժանանա, ապա հասարակաության մեջ կարող են հայտնվել խմբեր, որոնք կպահանջեն Հունանյանների ազատ արձակումը։ Ավելին՝ Հունանայաներն իրենք կարող են դիմել ՄԻԵԴ և Ենոքյանի նախադեպի հիման վրա պահանջել, որպեսզի իրենք էլ ազատ արձակվեն։

Այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը հստակ պետք է գիտակցեն, թե ինչ որոշում են կայացնում։ Նրանք պետք է հասկանան, որ մեկ որոշմամբ կարող են բացել «պանդորայի արկղը», ու այդ դեպքում հետ քայլ անել այլևս հնարավոր չի լինի։ Մհեր Ենոքյանի գործի դեպքում կա մեկ իրատեսական լուծում՝ վերաբացել գործը և հրապարակային իրականացնել արդար դատաքննություն։ Ու եթե իրականում Ենոքյանն անմեղ կլինի, ապա նա պետք է ազատ արձակվի, և ավելին՝ պետությունը պետք է փոխհատուցում տա նրան։

Այս թեմայով