Նաիրի Հունանյանի լավագույն ընկերոջˋ Տիգրան Նազարյանի ասուլիսը

6uisfaubfjhzb6bpywfqt1pccuՀոկտեմբրի 27-ի գործով վկա, ոճրագործության օրը Նաիրի Հունանյանի հետ բանակցությունների ուղարկված եւ այժմ ԱՄՆ -ում գտնվող Տիգրան Նազարյանը հեռախոսային ասուլիս տվեց մի քանի լրագրողների:
Ասուլիսը կազմակերպել էր Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսության «Վարագույր» հաղորդաշարի հեղինակ Ռուդիկ…
-ՀԺԿ լրատվական ծառայություն-
Դուք տեղյակ եք, որ սպանվել է Տիգրան Նաղդալյանը: Իշխանամետ շրջանակները նրա սպանությունը փորձեցին կապել ընդդիմության հետ, իսկ ընդդիմությունը հաստատ համոզմունք ունի, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կապված էր հոկտեմբերի 27-ի հետ: Քո կարծիքով, Տիգրանի սպանության դրդապատճառը ո՞րն էր, արդյո՞ք նա տիրապետում էր այնպիսի կարեւոր ինֆորմացիայի, որի պատճառով նրան կարող էին սպանել:
-Ճիշտն ասած, վարկածների մասին խոսել չեմ ուզում, որովհետեւ ինֆորմացիան հայտնի չի, միայն տեղեկացվում եմ թերթերից, ինտերնետից, Տիգրանին նախեւառաջ բավական մտերիմ ենք եղել, շատ հուզված եմ տխուր լուրից, շատ, շատ տխուր լուր էր ինձ համար: Չեմ ուզում ենթադրություններ անել, ինֆորմացիա ստանում եմ միայն թերթերից եւ ասածս օբյեկտիվ չի լինի: Էմոցիոնալ կողմը, ասացի, շատ ցավալի էր ինձ համար:
Այնուամենայնիվ, Տիգրանը գիտե՞ր ինչ-որ բան, որ կարող էր վտանգել իր կյանքը:
-Դժվարանում եմ կոնկրետ որեւէ բան ասել: Ես թերթեր էի կարդում` կապված տեսաժապավենի մոնտաժման հետ: Ինչպես բոլորը այնպես էլ ես տեսել եմ միայն մոնտաժված տարբերակը, այսինքն, եթե դա մոնտաժված էր, ուրեմն ես տեսել եմ միայն այդ տեսաժապավենը: Ինչ-որ բան գիտե՞ր Տիգրանը. գուցե այո, գուցե ոչ: Դժվարանում եմ պատասխանել:
«Առավոտ» 
Իր սպանությունից առաջ Տիգրան Նաղդալյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր. « Թող Տիգրան Նազարյանը ասի, թե ով է իրեն ահաբեկել, վախեցրել, որ նա Հայաստան չվերադառնա, եւ գուցե մենք էլ իրեն կահաբեկենք»: Տիգրանը նաեւ քո այդտեղ գտնվելը բացատրում էր նրանով , որ փորձ է արվել քաղաքական երանգ տալ դրան, բայց երբ պարզվեց, որ խաղը կարող է ուրիշ չափեր ընդունել, քան նախատեսված էր, դադարեցվեց:
-Ես 2000 թվականի աշնանն եմ եկել ԱՄՆ: Եթե հիշում եք , Նահանգներում այդ ժամանակ նախընտրական կամպանիա էր, ոչ միայն նախագահական, այլ նահանգային մակարդակով: Այդ ժամանակ թղթակցություն եմ ուղարկել: Դա արել եմ իմ նախաձեռնությամբ: Դրանից հետո Երեւանից թղթակցության պատվեր, հրահանգ, որեւէ բան ես չեմ ստացել, ես դա համարում էի բնական, որովհետեւ նոր էի սկսում աշխատել, մտածում էի, գուցե ժամանակ են տալիս, որպեսզի ընտելանամ այստեղի աշխատանքին: Իմ գործուղման 6 ամիսների ընթացքում ես որեւէ թղթակցություն չուղարկեցի, որովհետեւ որեւէ հանձնարարական չի տրվել:
Միակ դեպքը , որ ինձ փորձեցին օգտագործել որպես «Հայլուրի» թղթակից, դա Քի Ուսթյան հանդիպումն էր…

— Տիգրան, խնդրում եմ ուղղակի ասես, ում կողմից են եղել սպառնալիքները:
— Ուղղակի սպառնալիքներ, բնականաբար չեն եղել, որովհետեւ չէին էլ կարող լինել, ես այստեղ եմ հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց…
Դուք գիտեք, որ դեկտեմբեր ամսից մամուլում սկսեցին շրջանառվել այնպիսի լուրեր, որ ես կարեւոր վկա եմ եւ ինձ ուղարկել են Միացյալ նահանգներ: Դրանից հետո, ասվում էր, որ նույնիսկ ես փախել եմ, ինձ վտանգ է սպառնում: Ու հանրային հեռուստատեսությունը դրանց չէր արձագանքում: Դուք գիտեք, որ ընդհանրապես, եթե հանրայինը ցանկանում է որեւէ բանի արձագանքել, ապա դա անում է շատ օպերատիվ: Էս դեպքում որեւէ արձագանք չկար, որ, չէ, ախր, մենք էս մարդուն գործուղել ենք ԱՄՆ, ժամկետը 6 ամիս է: Մաքսատանը ինձ ասացին, որքան ժամանակ եմ ես ուզում, ամերիկյան օրենքներով թղթակիցը կարող է պահանջել մինչեւ 3 տարի, ես խնդրեցի 6 ամիս, այսինքն, ամենեւին մտադրություն չունեի 6 ամսից ավել մնալ այստեղ, եւ որեւէ արձագանք չեղավ: 

— Դա դուք ընդունեցիք սպառնալի՞ք:
— Ոչ: Դրանից հետո ես փորձեցի կապվել Տիգրանի հետ, 6 ամսվա ընթացքում ինձ հաջողվել է 1-2 անգամ Տիգրանի հետ զրուցել, ընդ որում 3-4 անգամ, ոչ ավել, ընդ որում 1-2 անգամ Քի Ուեսթյան հանդիպումների օրերին էր, երբ իրենք էին ինձ զանգում, ոչ մի կերպ չէր հաջողվում ինձ հասկանալ, թե ինչի համար է այդ աղմուկը բարձրացված: Ես չէի փախել ու փախնելու մտադրություն էլ չունեի: Դե հետո տեսա, որ Տիգրանի հետ չի հաջողվում կապվել, կապվեցի այլ անձանց հետ եւ հարցրեցի, ինչո՞ւ է այսպիսի աղմուկ, ես ոչ մի տեղ չեմ փախել եւ վերադառնալու ցանկություն չունեմ, ընդհանրապես, դա ավելի ուշ էր, երբ ինձ անակնկալ ձեւով հեռացրին աշխատանքից եւ ինձ խորհուրդ տվեցին առաջիկա 10 տարին մոռանալ Հայաստանի ճանապարհը:
— Ո՞վ խորհուրդ տվեց:
— Եթե անուններ տամ դա ձեզ ոչինչ չի ասելու, ոչինչ չի փոխելու: Դրանից հետո, 1 ամսվա ընթացքում…
— Խորհուրդը Հայաստանից էր տրվել, թե ԱՄՆ- ում:
— Ոչ, ոչ Հայաստանից, հեռախոսով… 2001 թվականի ապրիլի 24-ին լրանում էր իմ գործուղման ժամկետը եւ ես հեռախոսով խնդրում էի եւս 3 կամ 6 ամիս ժամանակ, որովհետեւ իմ ժամկետը լրացել էր ապրիլի 24-ին, իսկ աղջիկս ծնվեց մայիսի 12-ին /երեւի շփոթում է ամիսը Դ.Մ./
Ես ոչ մի կերպ հնարավորություն չունեի 20 օրական երեխայի հետ 12 հազար կիլոմետր ճանապարհ անցնել: Ես խնդրում էի, որ 3 ամսով երկարաձգեն գործուղման ժամկետը:

— Տիգրան, կներես, քանի որ իմ գործընկերներն էլ հարցեր ունեն, ես եւս մի հարց տամ, որը բազմիցս գրվել է թերթերում եւ քո կողմից «Վարագույր» ծրագրում հերքում կամ հաստատում չհետեւեց: Ես ուզում եմ ուղղակի հարց տալ եւ ուղղակի պատասխան ստանալ: Դու համագործակցել ես ԱԱ մարմինների հետ , թե ոչ:
— Դուք գիտեք, որ ես տարիներ շարունակ եղել եմ Հայաստանում «Հյուրիեթ» թերթի թղթակիցը… Ես պատախանեցի քո հարցին:
«Նոյյան Տապան»
— Դու երբ հասկացար, որ քո Հայաստան գալը ցանկալի չէ, դու երեւի ինքդ քո մեջ մտածեցիր, այնուամենայնիվ, կարո՞ղ է դու գիտես մի բան հոկտեմբերի 27- ի հետ կապված, մի տեղեկություն, որը ցանկալի չէ որպեսզի հրապարակվի:
— Ինքս շատ եմ մտածել, նույնիսկ իմ 1-2 մտերիմ մարդկանց հետ փորձել ենք հասկանալ, այնուամենայնիվ, ես այդ ինչ գիտեմ, որ ցանկալի չի, որ հրապարակվի: Այսինքն, պատկերացրեք, ինչ ասեք փորձել ենք տեսնելու համար այն, թե այդ ինչն է, որ կարող է վախեցնել ինչ-որ մեկին: Այնուամենայնիվ, ես հանգեցի այն մտքին, որ ոչ, պատճառը նա չէր, որ ես ինչ որ բան գիտեմ, այ դրա համար ինձ հեռացրին, որ այդ բանը չասեմ:
Պատճառը, ըստ իս, այն էր, որ պարզապես աղմուկ լինի: Այ տեսեք, Հայաստանից հեռանում է մի մարդ, ընդ որում որեւէ մեկը հստակ բացատրություն չի տալիս, թե այդ մարդը ինչու է հեռացել, բացի այդ մարդուց, հեռանում է մի մարդ, որը հանդիսանում է վկա 27-ի գործով:
Ի դեպ, շեշտվում է կարեւորագույն վկա: Ինչի՞ վկա: Հոկտեմբերի 27-ի մասին ես իմացել եմ այդ օրը երեկոյան ժամը 6-ին եւ ամբողջ տեղեկություն ունեմ ժամը 6-ից մինչեւ առավոտյան 11-ը ընկած ժամանակագհատվածը:
Այդ մարդը հեռանում է Հայաստանից… Ուրեմն նա ինչ- որ բան գիտեր, ուրեմն նա փախել է… ու սկսվում է աղմուկ: Եվ բոլորդ սկսում եք դրա վրա ուշադրություն դարձնել, այսինքն, ուղղություն է շեղվում: Ամիսներ շարունակ ինքս վերլուծել եմ եւ դա է եղել միակ եզրակացությունը: Այլ պատճառ չեմ գտնում: Իմ կարծիքով դա էր: Մոտավորապես գլխի եմ ընկնում, թե ում կողմից էր դա կազմակերպված, բայց անուններ չեմ ուզում տալ: Պարզապես ես ուղարկվում եմ դուրս, աշխատանքից հեռացվում եմ հենց այն պահին, երբ Հայաստան վերադառնալ չեմ կարող, այսինքն, կանգնեցնում են փաստի առաջ:
Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում այստեղ կորցնել աշխատանք, երբ ունես 2 օրական երեխա` շատ լավ իմանալով, որ ես հնարավորություն չունեմ վերադառնալու, առնվազն 2 — 3 ամիս ուզեմ, թե չուզեմ պետք է մնամ:
Ինչի՞ համար է դա արվում, ինձ որպես թղթակից կարելի էր հեռացնել ավելի շուտ: Եթե դա տեղի ունենար մարտին, ես կհասցնեի վերադառնալ, հասկանում եք, ինչքան էլ դժվար լիներ: Հետո էն խոսքերը, թե ինչ գործ ունես, ընտանիքով ԱՄն ում ես եւ այլն եւ այլն…

— Այսինքն նույնիսկ քո գործուղման պատճառն էր դա, հիմա կարո՞ղ ես այդպիսի եզրակացություն անել: 
-Կարծում եմ այո, հասկանում եք, ինձ Երեւանում բոլորովին այլ բան էին ասում այս գործուղման մասին: Իրականությունը բոլորովին այլ էր այստեղ: Չեմկարող ասել, որ ինձ համոզում էին, որ ես գամ էստեղ, բայց պայմանները, որ ինձ ասվում էին եւ իրականություն, որ տեսա այստեղ բոլորովին այլ էին:
Հասկանուք եք, պետք էր մեկը, որը շեղեր ուշադրությունը:

«Հայկական ժամանակ»
-Տիգրան, քո ու Նաիրիի զրույց գաղտնալսվո՞ւմ էր:
— Ես վստահ եմ, որ ձայնագրությունը, ներքին ցանցը աշխատում էր, որքան էլ զարմանալի էր, նրանք չէին պահանջել, որ ցանցը անջատվեր: Իսկ Նաիրիի առաջին հարցն էր, թե դրսում ինչպես է ընդունվում: Ես ասել եմ, որ շատ վատ: Կարող եմ մասնամասն ասել, թե ինչ եմ խոսել, բայց… /Դա կա ցուցմունքում Դ.Մ./
-Յունոշեւը հայտարարեց, որ այն վկաները, որ դեռ չեն հարցաքննվել, նրանց կյանքին վտանգ կարող է սպառնալ, ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը:
-Ես զանգեցի ընկերներիսց մեկին, որին բոլորդ էլ լավ ճանաչում եք` Սուրիկին Սահակյան, նրան խնդրեցի հետեւյալը, ասացի, ես չեմ կարողանում Տիգրանի հետ կապվել, ես ուզում եմ հետ գալ: Խնդրում եմ ասացի, գնա Տիգրանի աշխատասենյակ, էնտեղից դու զանգիր ինձ ու փոխանցիր Տիգրանին լսափողը, ես ուզում էի վերադառնալ, բայց այդպես էլ չկարողացա խոսել: Ինձ հեռախոսով բարի խորհուրդ էր տրվում չվերադառնալ հայրենիք:
Դուք ինչ կանեի՞ք: Դուք երաշխավորո՞ւմ եք իմ անվտանգությունը… Եթե այդտեղ Տիգրան Նաղդալյան է սպանվում:

«Այբ-Ֆե»
— Դուք ձեր ցուցմունքներում նշում եք, որ ինքներդ եք ուղեկցել Նաիրի Հունանյանին Ռոբերտ Քոչարյանին հետ բանակցությունների սենյակ: Եվ դու անընդհատ եղել ես նրա հետ: Դու նաեւ նշել ես, որ Հունանյանին սենյակ մտնելուց առաջ չեն խուզարկել: Քո կարծիքով, Նաիրին կարող էր ունենալ ձայնագրիչ եւ գաղտի ձայնագրել այդ բանակցությունները: 
— Ես չեմ կարող ասել, ինքը ձայնագրել է , թե ոչ: Ես լավ չեմ հիշում իրեն խուզարկեցին թե ոչ:
— Բայց եւ ցուցմունքում, եւ հեռուստատեսային հարցազրույցում ասում ես, որ չեն խուզարկել:
— Հստակ չեմ հիշում: Հիշում եմ, որ մոտը գրիչ կար եւ վերցրին, բայց խուզարկություն մոտս չի տպավորվել: Եվ չեմ կարող պատասխանել այն հարցին` ձայնագրել է, թե ոչ:
— Դու բավականաչափ շփվել ես նաիրի Հունանյանի հետ հոկտեմբերի 27-ին: Քո կարծիքով, կա՞ն կազմակերպիչներ, թե՞ այնուամենայնիվ, այդ 5-են: 
— Գիտեք , շատ դժվար է պատասխանել: Եթե Կարեն Դեմիրճյանը չսպանվեր, գուցե եւ հավատայի, որ այդ 5-ն են…
— Տիգրան, եթե իշխանությունը փոխվի, կվերադառնաս Հայաստան:
— Ես պատրաստ եմ հիմա էլ վերադառնալ… եթե ապահովվի իմ անվտանգությունը:
«Չորրոդ Իշխանություն»
— Դուք բոլոր հարցերին պատասխանում եք ենթադրաբար: Բայց մի հարցի թերեւս կարող եք հստակ պատասխանել: Ո՞վ է ձեզ ահաբեկել: 
— Վահան Մանուկյանը, ԱԱՆ-ից, ուղղակի ինքն է ասել, որ մոռանամ Հայաստանի ճանապարհը: Իսկ ոչ ուղղակի հարազատներիս` այլ մարդիկ: Տվյալ դեպքում ճիշտ չի անուններ տալ:
— Ձեր անվտանգության շահերից է բխում նաեւ անուններ տալը:
— Անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով է նախագահ, կան բաներ, որ ասելը ճիշտ չի: 
— Բայց անուններ չտալը կարող է վտանգել ձեր կյանքը:
— ԱԱ գնդապետ Մելքոնյանն է ասել, գալիս է ինչ անի, ընտանիքով այնտեղ է, թող մնա: Դա չի նշանակում , որ ես որեւէ ինֆորմացիա ունեմ: Պարզապես մեկը պետք էր որ հեռացվեր: Ես, բժշկուհին… Բայց ինձ այլ երանգ է տրվում, որովհետեւ «Հյուրիեթ» թերթի թղթակիցն եմ եղել, Նաիրի Հունանյնի ուսանողական ընկերն եմ եղել եւ հոկտեմբերի 27-ին նրա հետ բանակցել եմ:
Ի դեպ, իմ գործուղումը չի եղել Տիգրանի նախաձեռնությունը: Դա արվել է իր լուռ համաձայնությամբ… ԹՓե ում կողմից է եղել, ես շատ լավ գիտեմ, բայց իմ հարցն է: Նրա եւ Ալիկի համաձյանությամբ / Հարությունյան. Դ. Մ./ 

— Ի դեպ, հարցազրույցում Տիգրան Նազարյանը նկատեց, որ Ալեքսան Հարությունյանը բավական վախեցած էր ու լարված…
«Չորրորդ իշխանություն»
ԱԱ տեռորիզմի վարչության պետը մի ցուցմունք ունի, որ ԱԱ փոխնախարար Գոռ Հակոբյանը ինձ հանձնարարեց, որ ես գնամ Տիգրան Նազարյանին ու Նաիրի Հունանյանին վերցեն եւ ուղեկցեմ ԱԺ: Ես ընդամենը վարորդի կարգավիճակ եմ ունեցել հոկտեմբերի 27-ին: Ով էիք դուք Նաիրի Հունանյանի համար, որ ինքը պարտադիր պետք է ուղեկցեր ձեզ ԱԺ, որ բանակցություններ վարեիք, այն էլ ԱԱ փոխնախարար Գոռ Հակոբյանի ցուցումով:
— Ճիշտն ասած, ձեր հարցերը ուղղված էին ցուցմունք տվողին, ոչ թե ինձ: Բայց ամեն ինչ եղել է այսպես: Ես Ազգային հեռուստատեսությունում էի երեկոյան 6 .30-7-ին: Ինձ զանգեցին ԱԱն-ից եւ հարցրեցին, ես կարո՞ղ եմ միջնորդել: Հարցը դրված էր պատանդներին ազատելը: Ես ասացի, որ ամեն ինչ պետք է փորձել, անպայման: 

Աղբյուրը՝ Ա1+

Դիտվել է 804 անգամ
 


Այս թեմայով