Նաիրի Հունանյանը 15 տարուց պետք է ազատ արձակվեր. ի՞նչ փոխվեց

Օրերս մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը:Գրիգորյանի մահվանից հետո շատերը կասկածներ հայտնեցին, որ նրան սպանել են, քանի որ նա 2014 թվականին մի քանի հրապարակմամբ հանդես եկավ ու խոստացավ պատմել իրականությունը «Հոկտեմբերի 27»-ի մասին:

Նրա այդ ժամանակվա հրապարակումները ԶԼՄ-ները քիչ հրապարակեցին ու կարծես հանրային քննարկում տեղի չունեցավ Գրիգորյանի բարձրացրած հարցերի վերաբերյալ: Politik.am-ը հերթականությամբ կներկայացնի Գրիգորյանի հրապարակումները հույս ունենալով, որ ի  վերջո նրա կողմից բարձրաձայնված հարցերը կքննարկվեն:

«Ինչպես խոստացել էի, պետք է խոսեմ մեզ առաջադրված մեղադրանքի մասին հոդված առ հոդված: Սակայն ձեր ուշադրությանը կներկայացնեմ միայն երկու հոդված, որոնք սկզբունքային են, և հենց այստեղ է, որ դատաիրավական համակարգը կատարեց հիմնական օրինախախտումները:

1961թ. ընդունված Քր. օրենսգրքի 61-րդ հոդվածի վերնագիրն է` «Տեռորիստական ակտ»: Կարճ բովանդակությունը հետևյալն է. «Պետական, հասարակական գործչի սպանությունը կոչվում է տեռորիստական ակտ և պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ կամ մահապատժով»: Տեռորիզմ կամ ահաբեկչություն հանցատեսակն այդ օրենսգրքում ընդհանրապես սահմանված չէր:

2003թ. ընդունված օրենսգրքում սրան համապատասխանում է 305-րդ հոդվածը: Վերնագիրն է` «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն»: Բովանդակությունը նույնն է, միայն մահապատժի փոխարեն նախատեսվում է ցմահ ազատազրկում: Ինչպես տեսնում եք, տեռորիզմի, ահաբեկչության մասին խոսք չկա, որովհետև սա ահաբեկչություն չէ, սա պետական, քաղաքական գործչի ապանություն է: Եվ այստեղ հայտնվում է հենց այդ մյուս` 217-րդ հոդվածը, որի վերնագիրն է՝ «Ահաբեկչություն»: Կրկնում եմ. 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ այդպիսի հանցատեսակ չի եղել: Իրավաբանականի ցանկացած ուսանող ձեզ կասի, որ նոր հանցատեսակ սահմանող որևէ օրենք չի կարող կիրառվել հետին թվով: Իսկ 305-րդ հոդվածով չէր կարելի մեզ նշանակել ցմահ ազատազրկում, որովհետև նոր պատիժ սահմանող դրույթը նույնպես չի կարելի կիրառել հետին թվով: Սա այբուբեն է:

Այս անօրինականությունն ինչ-որ կերպ բացատրելու համար դատախազներն ու դատավորները հայտարարեցին. «…Եթե գործեր հին օրենսգիրքը, մենք ձեզ մահապատիժ էինք տալու: Իսկ քանի որ նոր օրենսգրքում մահապատիժ չկա, մենք տալիս ենք ավելի մեղմ պատիժ` ցմահ: Այսինքն, եթե ունենայինք մահապատժի դատավճիռ, ապա կարելի էր «մեղմացնել» և տալ ցմահ (սա նույնպես չի կարելի անել, բայց ենթադրենք): Մեր դեպքում սա էլ չի աշխատում, որովհետև մենք չունենք մահապատժի դատավճիռ: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Կար 10-15 տարի և մահապատիժ: Մահապատիժը հանվեց, մնաց 15 տարին: 15 տարին «մեղմացրին» և տվեցին ցմահ:

Նոր ի հայտ եկած 217-րդ հոդվածը մեզ վրա դրվեց օդից, որպեսզի «ահաբեկչություն» սարսափազդու և մոդայիկ բառը հնչի դատավճռում և դառնա ծամոն բերաններում: Հետո սա օգտագործվեց իրենց ապօրինությունները թաքցնելու և մեզ ձայնից զրկելու համար: Մի անգամ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ազատ խոսքի զինվոր Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ լրագրողների միջև լուռ համաձայնություն կա տեռորիստներին ձայն չտալ: Հայերեն թարգմանությամբ սա հնչում է այսպես. ստացվել է հրաման, և ես, որպես մամուլի ակումբի նախագահ, հետևում եմ, որպեսզի այն կատարվի:

Մի ուրիշ օրինակ բերեմ. կեղծ լուր էր տարածվել, թե իբր տպագրվել է Նաիրի Հունանյանի բանտում գրած բազմաթիվ գրքերից մեկը: Այս լուրը խուճապ առաջացրեց որոշակի շրջանակներում, և լրագրողական կոռուպցիայի վառ ներկայացուցիչ Աննա Իսրայելյանը հիստերիայի նոպա ունեցավ:

Ի դեպ, այդ 217-րդ հոդվածով մեզ տվել են առավելագույնը` 10 տարի, որը վաղուց նստել ենք: Նստել ենք, բայց չենք պրծել դրանից:

Որպեսզի ես շատ չմեկնաբանեմ և չթվա, թե սա միայն իմ անձնական կարծիքն է, հրապարակում եմ մի հարցազրույց, որը 2009թ. ամռանը տվել է Հայաստանում քրեական իրավունքի լավագույն մասնագետներից մեկը` Ռուբեն Սահակյանը: Կարդացեք:

Այս ապօրինությունը հնարավոր դարձավ, որովհետև իշխանությունն իր բոլոր թևերով որոշեց խախտել օրենքը: Երբ մեկը հաց է գողանում, որ իր երեխային կերակրի, նրան համարում են հանցագործ և բանտ են նետում: Երբ հանցանքը կատարում են նախագահը, կառավարությունը, ԱԺ-ը, սա կոչվում է քաղաքական որոշում: Մենք իրավական որոշման (դատավճռի) փոխարեն ստացանք քաղաքական որոշում, որովհետև իրավական դաշտում մենք այդ դատը շահել էինք այն իմաստով, որ դատախազությունն այդպես էլ չկարողացավ ապացուցել մեղադրանքի այն ծավալը, որը մեզ առաջադրել էր: Այս հանցագործության կատարմանն ակտիվ մասնակցեց խառը ժամանակներին բնորոշ մի այնպիսի պերսոնաժ, ինչպիսին Վիկտոր Դալլաքյանն է: Այս ամբուլատոր իրավաբանը, չարաշահելով իր դիրքը ստեղծված իրավիճակում, թքելով պատի ծակը մտած իրավաբանական հանրության մասնագիտական պատվախնդրության վրա, գտավ, որ կարելի է խախտել ընդունված բոլոր օրենքներն ու սկզբունքները հանուն իր և մի քանի հոգու անձնական շահի և հավակնությունների: Զավեշտալին այս ամենի ֆոնն է. կոկորդ պատռողները ձևացնում են, թե դա անում են սպանվածների նկատմամբ ունեցած սիրուց դրդված, սպանվածների հարազատներն էլ ձևացնում են, թե հավատում են: Ինչևէ:

Արդյունքում՝ շանտաժի, կոմպրոմատների և սպառնալիքների օգնությամբ մի խումբ զորբաներ կարողացան իրենց կամքը թելադրել բոլորին, այդ թվում դատավորներին: Արդարության համար պետք է նշեմ, որ մի քանի իրավաբան գիտնականներ, այնուամենայնիվ, իրենց անհամաձայնությունը հայտնել էին թերթերից մեկում` գրելով, որ «Նաիրի Հունանյանին օրենքով 15 տարուց ավել տալ հնարավոր չէ»: Բայց մեր երկրում ավելի էֆեկտիվ է լինել տգետ, բութ ու հարուստ: Այդ պատճառով գիտնականներին չեն լսում` համարելով նրանց ավելորդ բերան, և վճարում են համաձայն այդ համոզման: Հարցի լուծումն իրենց վրա վերցրին ուրիշ իրավաբաններ: Տպավորություն ունեմ, որ իրավաբանի դիպլոմն ինչ-որ սոցիալական փաթեթի մեջ է մտցված, և այսօր ամեն մի տգետ դուրսպրծուկ այն ստացել է:

Վերադառնալով Վ.Դալլաքյանի տխուր կերպարին՝ պետք է զեկուցեմ ձեզ, որ սա դահլիճում 2-3 ժամ շողոքորթում էր Նաիրիին` մտածելով, որ հեղաշրջում է տեղի ունենում և ուժերի նոր դասավորության մեջ ինքն իր համար փորձում էր տեղ ապահովել: Նաիրիի սիգարետը վառելու, նրա համար ջուր բերելու պարտականությունն ինքն էր ստանձնել…

Ընդհանրապես, դահլիճում տիրող իրավիճակը սա էր. տխուր էինք մենք, որովհետև հենց սկզբից ամեն ինչ սխալ էր ընթացել, և տխուր էր Սմբատ Այվազյանը, որովհետև սպանվել էր իր ընկերը: Մնացածի ռեակցիան, մեղմ ասած, ադեկվատ չէր ստեղծված իրավիճակին: Եվ եթե մենք ցուցմունքներում չենք «ծախել» նրանցից ոչ մեկին, դա չի նշանակում, թե մոռացել ենք: Ձեր փոխարեն ես ինձ ավելի համեստ կպահեի: Դատավարության ընթացքում, երբ մենք պահանջեցինք դահլիճի գաղտնալսումները, որպեսզի հերքենք «տուժողների» սուտ ցուցմունքները, դատախազները կտրուկ հրաժարվեցին ներկայացնել` պատճառաբանելով, թե դրանք «անջատված մասի» մեջ են: (Այսպես կոչված «անջատված մասին» մանրամասն կանդրադառնամ «կազմակերպիչների» գլխում):

Հետաքրքիր է, որ սպանվածների հարազատներին էլ դա չհետաքրքրեց: Այդ կոմպրոմատը ԱԱԾ և դատախազության տրամադրության տակ է, և բոլոր այդ գավրոշները «կալպակի» տակ են… եռակի:
(Շարունակելի)»,-գրում է Էդուարդ Գրիգորյանը:

 


Այս թեմայով