Home » Real Politik » Նաիրի Հունանյանը առաջարկել է կախել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

Նաիրի Հունանյանը առաջարկել է կախել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

maxresdefaultՄոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27_ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ՝ Ա. Եղոյանը:

հ. 14

գ.թ. 168-171 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇԱՆԹ ՇԱՀԵՆԻ

22.11.99 Նոր Նորք 1-ին զանգված, 10 շ. 56 բն.

20.30-23.10 Քննիչ՝ Ա. Եղոյան

գ.թ. 168.

Բնակվում եմ վերը նշված հասցեում: 1980 թվ. ավարտել եմ Երևանի 134 միջ. դպրոցի 8-րդ դասարանը և նույն տարին ընդունվել Ղափանի շինարարական տեխնիկումը, մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել

գ.թ. 168. հ. երես

եմ Երևանի ավտոճանապարհային տեխնիկումի 2-րդ կուրս: Տեխնիկումը ավարտել եմ 1984 թվ. ապրիլ-մայիսին և մայիսի վերջերին զորակոչվել եմ Սովետական բանակ: Ծառայել եմ Լիտվայի ՍՍՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում: Նոր էի սկսել ծառայությունը 1984 թվ. հուլիսին զինվորական տրիբունալի կողմից դատապարտվել եմ 3,5 տարի ազատազրկման զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնները խախտելու համար: Դատավճռից հետո ինձ ուղարկել են ՀՀ և պատիժը կրել եմ «Կոշի» գաղութում: 1986 թվ. գարնանը վաղակետ ազատվեցի պարտադիր աշխատանքի ներգրավումով, որը անց եմ կացրել նախ Սևանի, իսկ ապա Հրազդանի հատուկ ՞՞՞պարետամասում: 1987 թվ. ապրիլին լիովին ազատվել եմ: Մինչև բանակ զորակոչվելս տեխնիկումն ավարտելուց հետո շուրջ 2 ամիս աշխատել եմ «Հայկոմուննախագիծ» ինստիտուտում որպես տեխնիկ շինարար և երբ 1987 թվ. ազատվեցի պատիժը կրելուց 1987 թվ. հոկտեմբերին վերականգնվեցի իմ նախկին աշխատանքում, որտեղ աշխատել եմ մինչև 1991 թվ. վերջերը: Նշեմ նաև, որ դեռևս 1987 թվ. դեկտեմբերին ես իմ ընկերների հետ ստեղծեցի «Կանչ» հասարակական-մշակութային ակումբ, որի ծրագիրը հուշարձանների պահպանությունն էր, հայ ժողովրդի պատմական դեպքերը ժողովրդին ներկայացնելը, անցյալի մեր պատմական հերոսներին և նրանց գործունեությունը ժողովրդին ներկայացնելը և այլն: Այդ ամենի հետ միասին մեր ակումբը ուներ պատմական արդարությունը վերականգնելը, ցեղասպանությունը համաշխարհային հասարակությանը ճիշտ ձևով ներկայացնելու ծրագիր: 1988 թվ. փետրվարին, երբ

գ.թ. 169.

սկսվեց Ղարաբաղյան շարժումը ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել կազմակերպվող ցույցերին, հանրահավաքներին, և մի որոշ ժամանակ էլ Ղափանում մասնակցել եմ ԼՂ-ի սահմանների պաշտպանությանը: 1995 թվ. և 1999 թվ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը, սակայն չեմ ընտրվել:

ՀԱՐՑ – Ճանաչո՞ւմ եք արդյոք Նաիրի Հունանյանին, եթե այո, ապա երբվանից և ինչպիսի փոխհարաբերությունների մեջ եք գտնվում նրա հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նաիրի Հունանյանին ճանաչել եմ դեռևս 1988 թվ. երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Նրա հետ ծանոթացել եմ այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում և համալսարանում կազմակերպված հանրահավաքների,՞՞՞ հանդիպումների ժամանակ: Նկատել եմ նրա ակտիվությունը և մեր ծանոթությունը կայացել է այդ ընթացքում որպես միջոցառումների և շարժման ակտիվիստների: Մեր բոլոր շփումները կապված են եղել այդ տարիներին երիտասարդների կողմից այս կամ այն միջոցառումը կազմակերպելու կապակցությամբ: Օրինակ, 1988 թվ. Նաիրի Հունանյանը մի խումբ այլ ուսանողների հետ օպերայի հարթակի վրա նստացույց կազմակերպեցին ի պաշտպանություն Ղարաբաղյան շարժման, իսկ ես իմ ընկերների հետ այդ նստացույցին զուգահեռ կազմակերպեցինք հացադուլ ի պաշտպանություն Ղարաբաղի: Այդ ժամանակ Նաիրին Հայ ուսանողական դաշինքի անդամ էր և ես նրան ճանաչել եմ այդ տարիներին:

գ.թ. 169. հ. Երես

Ձեր հարցին այն մասին, թե մեր ծանոթությունը և հարաբերությունները ինչ աստիճանի են հասել մտերմացել ենք մենք թե ոչ, պատասխանում եմ որ ես Նաիրիի հետ հանդիպել եմ բացառապես այդ տարիներին օպերայի հրապարակում կամ համալսարանում կազմակերպված միջոցառումների ժամանակ: Մեր ծանոթությունը և հարաբերությունները այդ շրջանակից դուրս չեն եկել, մենք չենք մտերմացել չենք ընկերացել, բոլոր մեր հանդիպումները տեղի են ունեցել միջոցառումների ժամանակ, լրիվ պատահական: Նախապես պայմանավորվել հանդիպել և ինչ որ հարց քննարկելու համար չենք հանդիպել: Միմյանց տուն չենք այցելել, ուղղակի եղել ենք որպես ծանոթներ:

ՀԱՐՑ – Դուք նշում եք, որ Ն. Հունանյանի հետ մոտ կամ մտերիմ հարաբերություններ չեք ունեցել այդ դեպքում ինչպես եք բացատրում այն փաստը, որ Ն. Հունանյանի բնակարանում հայտնաբերված թղթի վրա նա իր մի շարք համախոհների անունների հետ միասին նշել է նաև Ձեր անուն ազգանունը և կողքը գրել (+) դրական նշանը: Ինչ կասեք այդ առնչությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Առաջադրված հարցի կապակցությամբ ես որևէ էական բան ասել, նշել չեմ կարող և չգիտեմ թե ինչու է Ն. Հունանյանն իմ անունը նույնպես գրել ինչ-որ անձանց ցուցակում:

ՀԱՐՑ – Վերջերս Ն. Հունանյանին երբ և ինչ պարբերությամբ եք հանդիպել, ինչի մասին եք խոսել: Ն. Հունանյանը երկրի սոց. տնտեսական և քաղաքական իրավիճակի հետ կապված իր մտքերը Ձեր հետ կիսել է թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ նշեմ, որ սկսած 1990-91 թթ.

գ.թ. 170.

մինչև 1997 թվ. վերջերը կամ 98-ի սկզբները ես Նաիրիի հետ չեմ տեսնվել և չգիտեի թե նա որտեղ է: Միայն լսելով գիտեի, որ ընդունվել է Դաշնակցության շարքերը, ապա «սկաուտական» խմբի հետ եղել է արտասահմանում և վերջում էլ լսեցի, որ Դաշնակցությունից հեռացվել է: Այդ ամենի մասին ես լսել եմ ընդհանուր խոսակցություններից, իսկ կոնկրետ նրան՝ Նաիրիին չեմ հանդիպել և այդ մասին չեմ խոսել: Երբ ես 1997-ի վերջերին 98-ի սկզբներին Նաիրիին պատահաբար հանդիպեցի մամուլի շենքում, նա իմ հարցին այն մասին, թե այսքան ժամանակ որտեղ էր, պատասխանեց, որ գտնվել է Ղրիմում: Նրա հետ խոսել ենք շատ կարճ ուղիղ վերելակի դռների մոտ, որտեղից ես դուրս էի գալիս, իսկ նա մտնում էր: Այդ կարճ զրույցի ժամանակ էլ նա ասաց բառացիորեն հետևյալը. «Հավաքվենք մի հատ խոսենք, երկրի վիճակը այսպես չի լինի, կործանվում է և պետք է իշխանությունը փոխել»: Ես ճիշտն ասած և զարմացա և այնքան էլ լուրջ չկնդունեցի ու նրա ասածի վրա ծիծաղեցի ու ավելացրեցի, ինչ է ուզում ես դաշնակներին բերել իշխանության: Նա ասաց, որ չէ, ինքը դաշնակցությունից հեռացել է: Բաժանվելուց առաջ ասաց,- կհանդիպենք ու հրաժեշտ տվեցինք միմյանց: Դրանից հետո որքան հիշում եմ 1998 թվ. նոյեմբերի կեսերին Նաիրին զանգահարեց մեր տուն և առաջարկեց հանդիպել: Հաջորդ օրը ես պետք է գնայի ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կազմակերպվելիք ցույցին՝ Իրաքը ռմբակոծելու դեմ իմ ընկեր

գ.թ. 170. հ. երես

Միքայել Հայրապետյանի կողմից կազմակերպված բողոքին: Ես Նաիրիին ասացի, որ վաղը լինելու եմ այնտեղ, իսկ մեկ երկու օր անց մեկնելու եմ Ղափան և առաջարկեցի նրան գալ այնտեղ հանդիպելու: Նաիրին ասաց որ կգա, բայց չեկավ: Դրանից հետո 1999 թվ. մարտին օրը կոնկրետ չեմ հիշում Նաիրին զանգահարեց ինձ մեր տուն և նորից առաջարկեց հանդիպել: Նա մեր տան տեղը չգիտեր և պայմանավորվեցինք հանդիպել Գայի արձանի մոտ: Հանդիպեցինք նշված վայրում: Նա եկել էր ինձ անծանոթ մի տղամարդու հետ ԳԱԶ-24 մակնիշի բաց գույնի ավտոմեքենայով: Մեր տանը Նաիրին պատմեց Թուրքիա կատարած իր այցելության և կատարված նկարահանումների մասին: Ասաց, որ պետք է հանդիպեր Դեմիրելի հետ, պետք է Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջ կազմակերպի և այլն և այլն:

Ապա այդ զրույցի ժամանակ նա ասաց, որ երկրի վիճակը գնալով վատանում է այսպես շարունակել չի կարելի, միթե 88 թվից սրա համար ենք պայքարել: Մի խոսքով դժգոհություն հայտնեց ստեղծված տնտեսական վիճակից: Ապա ինձ հարցրեց, թե ես ինչ եմ մտածում: Ես ասացի, որ ցանկանում եմ ընտրվել ԱԺ-ի պատգամավոր: Նաիրին էլ ասաց,- ինչ է հույս ունես դեպուտատ դառնաս և եթե դառնաս էլ ինչ կարող ես անել ժողովրդի համար: Ես ասացի, որ եթե դառնամ պատգամավոր, մյուսների նման, նշեցի Արշակ Սադոյանին, Լեոնիդ Հակոբյանին և ուրիշներին կփորձեմ ինչ-որ բան անել, ավելացնելով որ նրանց կողքին մի հատ էլ Շանթ լինի ինչ վատ է: Նաիրին ասաց, որ այդ եղանակով ոչինչ անել չի կարելի և միակ ելքը հեղաշրջումն է: Ասաց նաև որ մինչև Վազգենին չվերացնեն երկիրը չի

գ.թ. 171.

ուղղվի: Ես էլ ասացի որ մեջների նորմալ մարդը Վազգենն է, ինչու չես առաջարկում Սերժին կամ Քոչարյանին վերացնել: Նաիրին ավելացրեց, որ նրանց էլ կկախենք չենք թողնի:

ՀԱՐՑ – Ն. Հունանյանը ինչը ի նկատի ուներ ասելով Վազգենին վերացնելը և ով պետք է աներ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա ի նկատի ուներ նրան ֆիզիկապես վերացնելը և շեշտելով մենք բառը, որը ես հասկացա որպես այդ հեղաշրջումը անողները: Նա այդ բանը ընդհանուր կարգով էր ասում առանց անձնավորելու: Տեսնելով որ ես տոն չեմ տալիս, այլ ընդհակառակը ասացի որ այդ եղանակը ընդունելի չէ, քանի որ Վ. Սարգսյանը մեջների միակ նորմալ մարդն է այս երկրի համար: Վերջում ես նրան հարցրեցի, իսկ այդ թեմայով նա ում հետ է խոսել կամ թե խոսել է թե ոչ: Նա ասաց, որ ինչ-որ մարդկանց հետ հանդիպել է և խոսել, ինչպես ինձ հետ: Ես հարցրեցի թե ովքեր են, նա ասաց կարևոր չէ: Այդպես մենք հրաժեշտ տվեցինք, բայց ես նրան չհավատացի, մի տեսակ կասկածամտությամբ էի վերաբերվում նրա ասածներին և ինձ թվում էր որ ինձ ստուգելու համար են նրան ինձ մոտ ուղարկել: Վերջին անգամ ես Նաիրիին պատահաբար հանդիպել եմ Աբովյան փողոցի վրա «Սիլ Պլացա» խանութի մոտ: Նա ինձ անծանոթ մի երիտասարդի հետ էր: Դա 1999 թվ. հունիսի վերջերին էր: Նաիրին ինձ ասաց,- տես իմ ասածը ճիշտ

գ.թ. 171. հ. երես

եղավ, դու դեպուտատ չէիր կարող դառնալ: Օգտագործեց «Սրանց իշխանության վախտ ձև չկա» արտահայտությունը: Համենայնդեպս ասածի բովանդակությունն ու իմաստը այդ էր: Նա լսել էր ինձ հետ կատարված տհաճ պատմությունը որը տեղի էր ունեցել ընտրության օրը: Դրանից հետո այլևս չենք հանդիպել:

ՀԱՐՑ – Իսկ հոկտեմբերի 27-ին Նաիրին Ձեզ չի զանգահարել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, նա ինձ չի զանգել ոչ այդ օրը ոչ էլ դրանից առաջ, իսկ դեպքի օրը ես գտնվել եմ Ղափանում և Երևան եմ եկել հոկտեմբերի 30-ի երեկոյան:

Ցուցմունքը գրված է իմ պատմածով, արձանագրությունը ընթերցվել է, ճիշտ է՝

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 5,873 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy