Նաիրա Կարապետյանը «ԴԱԼՄԱ ՄՈԼԻՑ» բիժու էր գնում

բիյՎերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջեւ: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է «Դալմա մոլ»: Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով դրամարկղին, պարզել է, որ տվյալ զարդի գինն իրականում զեղչված չէ: Պատգամավորն աղմուկ է բարձրացրել, պահանջել է կանչել մենեջերին, որը, սակայն, կոշտ է պատասխանել Նաիրա Կարապետյանին: Միայն այն բանից հետո, երբ հմայիչ պատգամավորը հանել է վկայականը, «Դալմայի» աշխատողները փոխել են տոնը եւ շարք կանգնել նրա առաջ: Նաիրա Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել այս լուրը: Նա ասաց, որ ոչ թե բիժուտերիա գնելու համար էր մտել «Դալմա», այլ մի ուսանող աղջկա բողոքի հետքերով.  «Ինձ մի աղջիկ դիմել էր, ասել էր, որ բարեխիղճ չի գործում զեղչերի համակարգը: Ստենդի վրա գրված է, որ զեղչվում է ողջ ապրանքատեսակը, սակայն հաճախորդը միայն կասսայում է հասկանում, թե ինչ գին են իրենից ուզելու»: Փաստորեն, Բրյուսել մեկնելուց առաջ բարեխիղճ պատգամավորը որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել բիժուտերիայի խանութում, սակայն, ըստ նրա, իր եւ մենեջերի միջեւ ոչ թե վիճաբանություն է եղել, այլ ընդամենը առաջարկություն իր կողմից՝ գնորդներին չխաբել: «Մենեջերը փորձեց բացատրել, որ ամբողջ աշխարհում է նման համակարգ ընդունված: Ես հորդորեցի գնորդներին, որ ուշադիր լինեն, որովհետեւ հիմնականում դպրոցականներն ու ուսանողներն են այդ արտադրանքի գնորդը, եւ, հայտնվելով դրամարկղի մոտ, նրանք կարող են ամաչել, որ այդքան փող չունեն: Այդ աղջիկն էլ, որ ինձ բողոքել էր, այնպես էր լացում»,- ասաց պատգամավորը:  Հարցին՝ ճի՞շտ է, որ ինքը «Դալմա մոլում» ստիպված է եղել պատգամավորի վկայականը հանել, որ իրեն «տեղը բերեն», նա պատասխանեց. «Ոչ: Պարզապես, երբ մենեջերի տոնայնությունը չէր համապատասխանում բարեհունչ տոնայնությանը, ես ներկայացա»: Թե ինչ հետեւանք ունեցավ իր միջամտությունը, եւ արդյոք «Դալմա մոլի» բիժուի սրահում դադարեցին թալանել ուսանողուհիներին, դպրոցականներին, երբեմն նաեւ պատգամավորուհիներին, նա չգիտեր: «Դա ընդամենը հորդոր էր»,- ասաց պատգամավորը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 


Այս թեմայով