Նաիրա Զոհրաբյանը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետություններիխորհրդարանական հանձնաժողովների միջեւ աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու առաջարկին:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովի օրակարգում է նաեւ երեխաների հարցերով զբաղվող հատուկ հանձնակատար ունենալու հարցը, որը հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունների գործունեությանը, մասնավորապես ԵԽԽՎ-ում, որի աշխատանքներն արդեն 5 տարի է ռուսական պատվիրակությունը բոյկոտում է, քանզի զրկված է ձայնի իրավունքից:

Դեսպանն առաջարկել է Նաիրա Զոհրաբյանին՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Եվրոպայի խորհրդում քննարկել կանոնադրական որոշ փոփոխություններ, որոնք կպաշտպանեն պատգամավորի իրավունքները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռուսաստանին առնչվող խնդրի լուծման լավագույն ուղին երկխոսությունն է եւ կոչ է արել ռուսական կողմին շարունակել շփումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ՝ նշելով, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի այդ երկխոսությունը լինի արդյունավետ:

Այս թեմայով